Վերաօծվեց Կոտայքի մարզի Ալափարս գյուղի Սբ.Աստվածածին եկեղեցին
Մայիսի 9-ին աննախադեպ եռուզեռ եւ պատմանական օր էր Ալափարս գյուղի ազգաբնակչության համար :
Ալափարս գյուղը Հայաստանի այն յուրահատուկ գյուղերից է, որն ունի մի քանի եկեղեցիներ:
ա/ Սբ. Վարդան եկեղեցի V-րդ դար
բ/Սբ.Ծիրանավոր եկեղեցի 901թ.
գ/Սբ. Թուխ Մանուկ մատուռ XII-րդ դար
դ/Սբ.Աստվածածին եկեղեցի 1891թ.
Ալափարս գյուղը ունի 3700 ազգաբնակչություն: Ալափարսեցիների նախնիները գաղթել են 1827-1930թթ. Մակու եւ Խոյ գավառներից, իսկ մյուս մասը Մուշից, Ալաշկերտից եւ Վանից:
Մայիսի 9-ին Ալափարս գյուղի ազգաբնակչությունը ուրախության արցունքները աչքներին հուզմունքով ու խանդավառությամբ ականատես եղան երկար տարիների իրենց երազի իրականացմանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնությամբ եւ ձեռամբ Առաջնորդ Սրբազան հոր ու մասնակցությամբ Կոտայքի թեմի հոգեւոր դասի վերաօծվեց Ալափարս գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու վերանորոգման բարերարն էր Կոտայքի Մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Պատարագիչ Առաքել Սրբազանը ներկաներին շնորհավորեց Շուշիի եւ հայրենական երկրորդ պատերազմի հաղթանակի առթիվ եւ մասնավորաբար իր խոսքի մեջ ասաց.
- Սիրիր, ժողովուրդ, այս եկեղեցին քարեղեն կառույց է, բայց որպեսզի այն վերածենք հոգեւոր կառույցի` Աստծու տանն անհրաժեշտ է, որ մեր ամենօրյա այցելությամբ աղոթքով այս քարերին կենդանություն պարգեւենք եւ այն լցնենք ոսկորով, մսով, ջիղով եւ արյունով` քարակերտ եկեղեցուց վերածենք հոգեւոր եկեղեցու:
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին բարերարը` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Կառավարության ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Հայրապետի բարձր հրամանով Առաքել Սրբազանը Կոտայքի Մարզպետ Կովալենկո Շահգալդյանին պարգեւատրեց Հայ եկեղեցու բարձր պարգեւով Սբ. Ներսես Շնորհալի շքանշանով: