Վերահրատարակվել է Տ. Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի արժեքավոր աշխատությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի (1799-1849թթ.) 1842 թվականին լույս ընծայած «Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» երկհատոր աշխատությունը, որը փաստական նյութեր է պարունակում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի, Վաղարշապատի մյուս սրբավայրերի ու հուշարձանների, ինչպես նաև Այրարատի հինգ գավառների վերաբերյալ:
Արմեն Տեր-Ստեփանյանի աշխատասիրությամբ վերահրատարակված արժեքավոր այս երկը համեմատվել և սրբագրվել է ըստ Մատենադարանում պահվող Շահխաթունյանցի ինքնագրերի: Լրացվել են նաև վիմագիր արձանագրությունները, կատարվել են անհրաժեշտ ծանոթագրությունները:
Աշխատության վերջում իբրև հավելված հրատարակվել են նաև երկու բնագրեր. առաջինը Շուշիում տպագրված մի ժամագրքի վերջում Հովհաննես եպիսկոպոսի հրատարակած կաթողիկոսացանկերն են, իսկ երկրորդը` 1840 թ. երկրաշարժի մասին գրած, մինչ այս անտիպ մի նյութ:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: