Վերահրատարակություն. «Վազգեն վարդապետ (Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց,) Մեր Պատարագը»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վարդապետության շրջանին հեղինակած «Մեր Պատարագը» աշխատությունը:
Այս աշխատության մեջ Հայոց Հայրապետը դյուրըմբռնելի ոճով ընթերցողին բացատրում է Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողության կարգն ու ընթացքը` մեր եկեղեցու դավանաբանական սկզբունքների, ազգային ավանդությունների, մեր ժողովրդի կրոնական զգացումների տեսանկյունից: Նրա նպատակն է, որ Հայոց Եկեղեցու պարզ հավատացյալի համար հասկանալի լինի Սուրբ Պատարագի ահեղ խորհրդի իմաստն ու նշանակությունը, որպեսզի հայ հավատացյալը գիտակցված մոտենա եւ ճաշակի Հիսուս Քրիստոսի կենարար մարմինն ու արյունը:
Ուսուցողական այս աշխատությունը նախատեսված է Հայոց Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողությամբ հետաքրքվողների եւ հավատավոր ժողովրդի հոգեւոր քաղցն ու ծարավը բավարարելու համար:
Գիրքը հրատարակվել է Վազգեն Ա Հայրապետի ծննդյան 100-ամյակի առիթով: