Վերահրատարակություն Երուանդ Տէր-Մինասեանց. «Հայոց Եկեղեցու յարաբերութիւնները Ասորւոց Եկեղեցիների հետ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է 1908 թ. Ս. Էջմիածնում տպագրված 20-րդ դարի նշանավոր հայագետ Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցու յարաբերութիւնները Ասորւոց Եկեղեցիների հետ» արժեքավոր աշխատությունը:
Երվանդ Տեր-Մինասյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ-ասորական եկեղեցական հարաբերություններին, Ընդհանրական Եկեղեցու պատմությանը, Արեւելքում եւ հայոց մեջ տարածված քրիստոնեական աղանդների ծագմանը, Ե-Է դարերում Հայ Եկեղեցու դավանաբանական դիրքորոշմանը, զանազան եկեղեցական մատենագիրների, հայ, հույն եւ ասորի աստվածաբանների դավանաբանական գործերի քննությանը եւ այլն: Լինելով հայ-ասորական հարաբերությունների լավագույն հետազոտողը` Երվանդ Տեր-Մինասյանի վերոգրյալ աշխատությունն այսօր էլ չի կորցրել իր այժմեականությունը եւ ընթերցողների լայն պահանջարկ ունի:
Գիրքը հրատարակության են պատրաստել Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը, Հովհաննես սարկավագ Ազնավուրյանը եւ Հասմիկ Մելքոնյանը:
Ուսումնասիրությունը լույս է տեսել տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ: