Վերաբացվեց վերանորոգված Սայդաբադի Ս. Մարիամ հայկական եկեղեցին
Դեկտեմբերի 5-ը նշանակալից օր էր ողջ հնդկահայ գաղութի համար, քանզի հավատացյալների համար կրկին իր հյուրընկալ դռները բացեց հիմնովին վերանորոգված Սայդաբադի Ս. Մարիամ հայկական եկեղեցին:
1758թ. Ջուղայեցի նշանավոր վաճառական Խոջա Պետրոսի ջանքերով կառուցված եկեղեցին գրեթե կես դար չէր գործում: Բնական աղետների պատճառով զգալիորեն տուժել էր եկեղեցու քարեղեն շինությունը: Սակայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Կալկաթայի եկեղեցական վարչության անմիջական ջանքերի շնորհիվ այսօր Ս. Մարիամ եկեղեցին հիմնովին վերանորոգվել է, բարեկարգվել է տարածքը, կառուցվել է նոր զանգակատուն, Հայոց Եկեղեցուն են վերադարձվել նախկինում բռնազավթված տարածքները:
Հնդկահայոց հոգեւոր հովիվ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղումյանը կատարեցին դռնբացեքի արարողություն, որից հետո եկեղեցու վերջին խնամակալ Տիկին Մերի Կարապետյանի գերեզմանի մոտ կատարվեց հոգեհանգիստ եկեղեցու հիմնադիրների եւ եկեղեցու տարածքում թաղված հայորդիների հոգիների հանգստության համար: Մասնավոր աղոթք հնչեց Կարապետյան գերդաստանի ննջեցյալների հոգիների խաղաղության համար:
Հոգեհանգստից հետո Օշական վարդապետը շնորհավորեց ամենքին բարեբաստիկ օրվա կապակցությամբ` ընդգծելով հայ քրիստոնյայի մշտական ներկայության կարեւորությունը երբեմնի հայաշունչ Սայդաբադ քաղաքում: Հայր Սուրբն իր գնահատանքը հայնեց նաեւ Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներին կատարված աշխատանքի համար:
Ամբողջ օրվա ընթացքում չէր դադարում շրջակա բնակիչների հոսքը եկեղեցի, որոնցից շատեր բազմաթիվ հետաքրքիր հիշողությունների էին մտաբերում եկեղեցու անցյալի մասին:
Արարողությանը ներկա էին եկեղեցական վարչության անդամներ, հնդկահայեր, ԱՄՆ-ից եւ Հունաստանից այս առիթով ժամանած Սայդաբադի հայկական եկեղեցու վերջին խնամակալներ` Մատթեոս եւ Մերի Կարապետյանների թոռնուհիներ` Տիկին Հեղինե եւ Սիլվա Կարապետյանները, Սայդաբադի պետական մարմինների ներկայացուցիչներ:
Օրվա կապակցությամբ կեսօրին հարյուրավոր մարդկանց համար տրվեց հյուրասիրություն: