Վերաբացվեց Մայր Աթոռի Վանատունը եւ շքանշան հանձնվեց Ջեյմս Գալուստյանին
Հունիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Մայր Աթոռի վերանորոգված Վանատան բացման կարգը: Անվանի բարերար Գալուստ Կյուլպենկյանի արդյամբ 1970-ական թթ. կառուցված Վանատան վերանորոգումը հոգացել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական խորհրդի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ, բոստոնաբնակ բարերար Ջեյմս Գալուստյանը` ի սեր եւ ի հարգանս իր ծնողների` Մարտիրոս եւ Մարիամ Գալուստյանների:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները` նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարեցին նորաբաց տան օրհնության արարողությունը: Այնուհետեւ սրտի խոսք ասաց ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` գոհունակությամբ արձանագրելով այն փաստը, որ եկեղեցիներից զատ բացվում են նաեւ այլ շինությունների դռներ` նպաստ բերելով Եկեղեցու գործունեությանը:
Վերջում օրհնության խոսք ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դրվատանքով արտահայտվելով կոչումով սարկավագ երիտասարդ բարերարի` Ջեյմս Գալուստյանի հասցեին: Վեհափառը կարեւոր համարեց ամեն մի հայի կապվածությունը եւ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: «Մայր Աթոռը յուրաքանչյուր հայորդու սրտի մեջ է: Եվ բնական է, որ յուրաքանչյուր հայորդի ցանկալով պիտի ցանկա, որ Մայր Աթոռը լինի պայծառաշուք, լինի այնպիսի տեսքի ու վիճակի, որ յուրաքանչյուր հայի սիրտ ցնծա եւ ուռչի ուրախության զգացումից: Ամեն ոք, որ մտնի այստեղ, փառք տա Աստծուն, որ Մայր Աթոռն իր պատմությամբ ու անցյալով, իր ներկայով եւ իր վաղվա օրով հզոր է, գեղեցիկ եւ օրավուր պայծառանում է»,-ասաց իր խոսքում Վեհափառ Հայրապետը: Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայաստնայայց Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը, որով Նորին Սրբությունը զարդարեց Ջեյմս Գալուստյանի կուրծքը:
Բացման արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ԱՄՆ Արեւելյան թեմի թեմական խորհրդի անդամներ եւ Մայր Աթոռի նվիրյալ բարերար զավակներ: