Վեղարի տվչություն Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանին
Ապրիլի 5-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանի վեղարի տվչությունը` ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակչյանի:
2002թ. օգոստոսի 7-ին Հայրապետական տնօրինությամբ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը կարգալույծ էր հռչակվել` հոգեւոր ծառայությունը ինքնակամ լքելու համար: Նկատի ունենալով Նշան (Տ. Խորեն աբեղա) Հովհաննիսյանի ներկայացրած զղջումի գիրը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդառաջեց նրա խնդրանքին եւ սահմանեց մեկամյա ապաշխարության շրջան Ս. Գեղարդավանքում, որի բոլորումից հետո արտոնեց նրա վերականգնումը կուսակրոն քահանայության կարգի մեջ:
Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանն իր ծառայությունը պիտի բերի որպես Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի կառավարիչ: