Վեհափառ Հայրապետն ընդունեց ԱՄՆ Արեւմտյան թեմի կամավորներին

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւմտյան թեմի SIMA (Քրիստոնեական երիտասարդական առաքելություն Հայաստան) կամավորական խմբի շուրջ 30 երիտասարդների` Մատթեոս սարկավագ Աշի ուղեկցությամբ:

Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդներին եւ իր ուրախությունը հայտնեց` նրանց տեսնելու Մայր Հայրենիքում: Վեհափառ Հայրապետը հորդորեց սփյուռքահայ երիտասարդներին` լավագույնս օգտվել Հայրենիքում գտնվելու ընձեռված հնարավորությունից` սեփական արմատներին առավել հարազատորեն հաստատվելու համար: «Հայաստանը կարող է ներգործել ձեր կյանքերի ու անձերի վրա այնպես, ինչպես չի կարող անել ո°չ մի դասագիրք, ո°չ մի ուսում, ո°չ մի դաստիարակություն: Այստեղ եւ° պատմությունն է մեր ժողովրդի, եւ° ներկա կյանքն է, եւ° ապագա հույսն է վաղվա օրվա»,- ասաց Վեհափառն իր խոսքում եւ ընդգծեց, որ միայն Հայրենիքը կարող է հաղորդել այն ոգին, որ անհրաժեշտ է ազգային դիմագծի ու հավատի պահպանման համար:

Երիտասարդական այս կառույցը կազմվել է ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ջանքերով եւ նախապես նպատակ ուներ Հայրենիքում կամավոր սկզբունքով օժանդակել շինարարական-վերանորոգչական աշխատանքների: Ներկայումս SIMA-ն ընդլայնել է իր գործունեության շրջանակները, եւ խմբի կամավորներն իրենց մասնագիտական գիտելիքներն ի սպաս են դնում տարբեր ոլորտներում:

Ներկա խմբի անդամները շուրջ երկու ամիս կմնան Հայաստանում եւ իրենց մասնագիտական հմտություններով կնպաստեն հիմնականում գրասենյակային տարբեր բնույթի աշխատանքների: