Վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր Վարդապետության աստիճանի համար թեզ էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովնան աբեղա Հակոբյանը («Թոնդրակեցվոց կեղծ աղանդը»):
Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իբրեւ նախագահ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը եւ տիար Պարգեւ Բարսեղյանը, քննելով ներկայացված թեզը, արտոնել էին բանավոր պաշտպանության:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկային հոգեշնորհ Հայր Հովնանը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա մասնավոր վարդապետության աստիճան: