Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 21-ին, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզերի պաշտպանություն: Վարդապետական աշխատանքներ էին ներկայացրել Մայր Աթոռի Սբ. Էջմիածնի միաբաններ հոգեշնորհ Տ. Աբգար աբղ. Հովակիմյանը («Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ»), հոգեշնորհ Տ. Սահակ աբղ. Մաշալյանը («Հավատք եւ հրաշք»), հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբղ. Պռոշյանը («Ֆեմինիստական փրկաբանության վերլուծության փորձ») եւ հոգեշնորհ Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանը («Էկումենիզմը 20-րդ դարում եւ Հայ եկեղեցին»):
Քննիչ հանձնաժողովը, որի անդամներն էին` Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, գլխավորում էր Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը: Հավարտ բանավոր պաշտպանության քննիչ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հայցվորների գրավոր թեզերին եւ բանավոր պաշտպանությանը ու արժանի նկատեց նրանց վարդապետական աստիճանի շնորհման:
Ապրիլի 23-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի, կատարվեց նաեւ մասնավոր վարդապետական աստիճանների տվչության կարգը: Ընծայացուները ծնրադիր` Ուսուցչապետ սբ. Մաշտոցի շիրիմի առջեւ վերանորոգելով իրենց ուխտը, ստացան վարդապետական գավազաններ: