«Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց ազգային բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների հովանավորությամբ կառուցվող Մատենադարանի հիմնօրհնեքի արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տիար Վաչե Մանուկյանը:
Մատենադարանի նախագծի ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացնում է «Սպիտակ տուն» ՍՊԸ-ն:
Հոգեպարար արարողության ժամանակ օրհնվեցին կառուցվող Մատենադարանի հիմքերը` մաղթանքով, որ կառուցվելիք Մատենադարանը անսասան մնա եւ ծառայի ի վայելումն հայոց ազգի:
Այնուհետեւ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանն ընթերցեց հիմնօրհնեքի հիշատակարանը, որը հետո զետեղվեց «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմքերի մեջ:
«Մատենադարան-գիտական կենտրոնը իր ծառայությամբ ու գործունեությամբ պիտի նպաստի հայոց ազգային-եկ եղեցական կյանքի անդաստանում աստվածաբանական եւ հայագիտական մտքի զարգացմանը` հավելելով այս ասպարեզներում առկա նվաճումներն ու ձեռքբերումները:
Հայրապետական այս գրով Մեր բարձր գնահատանքն ենք հայտնում ազգասեր ու եկեղեցանվեր բարերարներին, որոնց նյութական հոգածությամբ եւ ազնիվ վաստակով իրականացվում է այս գիտական կենտրոնի շինությունը, որն իր հարուստ գրադարանով, մասնագիտական սպասարկումով կարեւոր ներդրում է բերելու աստուածաբանության եւ հայագիտության ոլորտները նոր աշխատությունների արգասիքներով արդյունազարդելու առաքելությանը:
Թող Փրկիչ մեր Տերը միշտ շեն ու պայծառ պահի Հայրենի մեր երկիրը, Եկեղեցիս Հայաստանյայց, Ամենախնամ Իր Աջը հովանի դարձնի ազգիս Հայոց եւ երկնառաք բյուր օրհնությամբ պահպանի բարեպաշտ Մանուկյան ընտանիքին` նորանոր հաջողություններ շնորհելով ազգաշահ եւ եկեղեցաշեն նրանց բարի ու առաքինի գործերին: Ամեն»,- ասվում է հիշատակարանում:
Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը, ՀՀ Վարչապետը, տիար Վաչե Մանուկյանը եւ հյուրերը ծանոթացան շինարարության ընթացքին, կատարված աշխատանքներին:
Հիմնօրհնեքին նաեւ ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության եւ մշակույթի գործիչներ: