Ս. Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

Ս. Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 27.12.2016
Ս. Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

     Դեկտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
     Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի սրբազան արարողությանը՝ համահունչ Հայ Եկեղեցու բարի ու գեղեցիկ ավանդությանը, կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն:
     Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 25-ի երեկոյան, հատուկ արարողությամբ Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը:
     Գևորգյան հոգևոր ճեմարանի 11 ու Քահանայից պատրաստության Բ լսարանի 5 սաներ ստացել էին դպրության, ճեմարանի Դ լսարանի 14 սաներ ուրարակրության և Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 27 ու Քահանայից պատրաստության Գ լսարանի 4 սաներ կիսասարկավագության աստիճան:
     Ս. Ստեփանոսի տոնի առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուշեղ Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան նախօրեին կիսասարկավագություն ստացած Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 31 սաներ:
     Սրբազան Հայրը Ձեռնադրության Ս. խորհրդից հետո նորաթուխ սարկավագներին և ներկաներին փոխանցեց օրվա պատգամը` ընդգծելով. «Այսօր, սիրելի՛ հավատացյալներ, ամենքս մեկտեղվել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ աղոթակից լինելու և խնդրելու առաջին նահատակ և առաջին սարկավագ Ս. Ստեփանոս վկայի բարեխոսությունը բոլոր այն սարկավագների համար, ովքեր իրենց ծառայական կերպի մեջ են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր խորաններում՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից սկսյալ մինչև հեռավոր թեմերի եկեղեցիները:
     Եվ այսօր, սիրելինե՛ր, ձեր ու մեր աղոթքների շնորհիվ, երբ միաձայն ասում էինք՝ «արժանի են», այս Ս. Սեղանի վրա կանգնած 31 կիսասարկավագներն արժանացան սարկավագական ձեռնադրության: Այս օրը ուրախալի է ոչ միայն նրանց համար, նրանց, ում դեմքին ամբողջ արարողության ընթացքին կարող էիք տեսնել երկյուղ, բայց միաժամանակ՝ ամուր հավատք, պատրաստակամություն, ուժ և կորով՝ տանելու համար այն լուծը, որ ուրարի ձևով ձեռնադրող եպիսկոոպոսի կողմից դրվեց նրանց ուսին:

     …Մենք՝ որպես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանություն, աղոթող ենք ձեզ համար: Վստահ եմ, որ այստեղ ներկա յուրաքանչյուր ոք աղոթող է ձեզ համար: Եվ խնդրում ենք Տիրոջից, որ բարեխոսությամբ Ս. Ստեփանոսի, որ լի էր շնորհներով և հոգով, այդ շնորհներն ու հոգին փոխանցի ձեզ», - ասաց Մուշեղ Սրբազանը:
      Ձեռնադրող Սրբազանը վերջում պատգամեց երիտասարդ սպասավորներին նախանձախնդիր և անկոտրում լինել իրենց հոգևոր առաքելության մեջ, որտեղ էլ որ ապագայում կոչվեն ծառայության։
      Շնորհավորելով Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարապետին, հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսչին, ճեմարանի տեսչին, Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին և հավատավոր ուխտավորներին առատ հունձքի առիթով՝ Մուշեղ Սրբազանը մաղթեց, որ Ս. Ստեփանոսի շնորհներն անպակաս լինեն ամենքից:
     Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունեցան համբուրելու և երկրպագելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից դուրս բերված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից բխող օրհնությունը:
Հավարտ Պատարագի սրբազան արարողության, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդունեց Մայր Աթոռի բոլոր սարկավագներին ու նորընծաներին` ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի և Մայր Աթոռի փոխլուսարարապետ Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանի:
     Սարկավագաց դասը Նորին Սրբությանը ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղով, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Հայոց Հովվապետը իր հայրապետական պատգամը փոխանցեց նրանց:
     «Բերկրալի ու ցնծալի օր է այսօր Մայր Աթոռում. մեր սուրբ հայրերի իմաստուն տնօրինությամբ հաստատված կարգի համաձայն, որն այլևս ավանդություն է Հայոց Եկեղեցու համար, ամեն տարի՝ Ս. Ստեփանոսի տոնին, կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Ուրախությամբ ենք ամենքս մշտապես սպասում այս օրվան՝ ներշնչվելու և գոտեպնդվելու հավատքի նվիրյալի անձի օրինակով, կյանքով ու գործով, ցնծություն ապրելու՝ տեսնելով, որ նոր սպասավորներով են համալրվում մեր եկեղեցականաց շարքերը: Ահա այս ուրախությամբ են այսօր համակված Մեր, ողջ միաբանության և հավատացելոց հոգիները», - նշեց Նորին Սրբությունը՝ հույս հայտնելով, որ նորընծաների հայացքի առջև առկա է Ստեփանոս սարկավագի լուսավոր կերպարը և իրենք ներշնչվում են սրբի արիությամբ, առ Տերն ունեցած անմանացորդ սիրով ու հանձնառության ոգով:
«Ս. Ստեփանոսը պատրաստ եղավ ի սեր Քրիստոսի առաջին նահատակը և մարտիրոսը դառնալ և հարթեց նահատակության ու մարտիրոսության ճանապարհը, քաջության անօրինակ դրսևորումով նահատակության հաղթական ուղին նախանշեց իր անձով ու կյանքով: Այսօր մենք ոգեշնչվում ենք իր նահատակության հանձնառու ոգով…
     Ներկա կյանքի հարուցած խնդիրների ու դժվարությունների, բարոյական արժեքների հետընթացի կամ անկման իրողության առջև չափազանց կարևոր է հանձնառության այդ բարձր ոգին՝ անպայմանավոր սիրով լծվելու Տիրոջ խոսքի քարոզչությանը. ոչ միայն բառերով, այլև սեփական կյանքի օրինակով վկայել և ճշմարտել Ավետարանի պատգամներն ու տերունավանդ պատվիրանները», - ընդգծեց Ամենայն Հայոց Հայրապետը։
Վերջում, իր օրհնությունները բաշխելով սարկավագներին, Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ ներշնչվեն Ս. Ստեփանոսի բարի օրինակով և աշխատեն ամենայն ջանք ի գործ դնել և նմանվել վերջինիս վեհանձն ու փառավոր կերպարին, նպաստեն Հայ Եկեղեցու փառքին ու պայծառությանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 128 միաբան սարկավագ, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանում են արդեն 41 սարկավագներ: