«Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան Երվանդ Ղազանչյանին եւ Գալյա Նովենցին
Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հարկի ներքո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի արժանացան հայ թատրոնի եւ կինոյի վաստակավոր երախտավորներ Երվանդ Ղազանչյանը եւ Գալյա Նովենցը: Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արվեստի երկու նվիրյալներին հանձնվեցին «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ:
Հանդիսությունը բացվեց Տ. Պարթեւ աբեղա Բարսեղյանի ողջույնի խոսքով: Այնուհետեւ մեծարյալների կյանքի ուղուն եւ հայ արվեստի պատմության մեջ ունեցած մեծ ավանդին անդրադարձավ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` խոսելով նրանց հոգեկերտվածքի, մասնագիտական ոլորտում ունեցած նվաճումների եւ Ղազանչյան-Նովենց օրինակելի ընտանիքի մասին: Տիկ. Պողոսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` մշակույթի գործիչներին ուշադրության արժանացնելու եւ գնահատելու համար:
Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը ներս բերեց Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եւ լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի կողմից:
Երվանդ Ղազանչյանին ուղղված Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «Մեծ է Ձեր ավանդը հատկապես Պարոնյանի անվան թատրոնում, որտեղ մինչ օրս շարունակում եք գեղարվեստական ղեկավարի Ձեր պաշտոնը արդյունավորել նորանոր իրագործումներով եւ ստեղծագործական նվաճումներով: Թատերական արվեստի նվիրյալի նույն նախանձավոր ոգով Դուք Ձեր կարողություններն ու գիտելիքներն ի սպաս եք դնում նաեւ երիտասարդ դերասան-դերասանուհիների պատրաստության գործին` Ձեր ունեցած տարիների հարուստ փորձը փոխանցելով նրանց»:
«Ուրախություն է Հայրապետիս համար անդրադառնալ, որ մեծ ժողովրդականություն վայելող եւ ճանաչում ունեցող դերասանուհիդ տասնամյակներ շարունակ իր դերասանական բարձր վարպետությամբ եւ տքնաջան աշխատանքով հարստացրել է հայ թատրոնը եւ կինոն: Հավատարիմ մնալով Ձեր անվանի ուսուցիչների` Արմեն Գուլակյանի եւ Վարդան Աճեմյանի ավանդին` Դուք Ձեր անմնացորդ ջանքերն եք բերել հայ թատերական արվեստի զարգացմանը...: Դուք եւ Ձեր սերնդակիցները ուրվագծեցիք հայ թատրոնի եւ կինոյի մի ժամանակաշրջան, որն աներկբա կարելի է անվանել վերելքի շրջան: Ուրախ ենք, որ այսօր հավատավոր մեր ժողովուրդը արժանիորեն մեծարում է Ձեզ` դասելով մշակույթի իր երախտավորների շարքում»,- ասվում է Գալյա Նովենցին ուղղված Հայրապետական կոնդակում:
Ապա Նորին Սրբությունը մեծարյալների կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն` «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններով:
Շքանշանների հանձնումից հետո երախտագիտության խոսքեր ասացին Գալյա Նովենցը եւ Երվանդ Ղազանչյանը:
«Այսօր ինձ համար առանձնահատուկ օր է...: Ունեցել եմ մրցանակներ, այդ թվում` նաեւ միջազգային, բայց այս մեկն ամեն ինչից վեր է: Խորապես շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ»,-իր սրտի խոսքում նշեց Գալյա Նովենցը:
Երվանդ Ղազանչյանն անդրադարձավ Ս. Էջմիածնի կատարած դերակատարությանն իր կյանքում` մասնավորապես ընդգծելով. «Հայ Եկեղեցին եւ Ս. Էջմիածինը ճառագեց իմ մեջ հավատի զգացում, իսկ եթե հավատում ես, դառնում ես բարի, ներող, օգնող: Այդ բոլորի եւ այս մեծ պարգեւի համար շնորհակալություն Ձեզ, Վեհափառ Տեր, եւ ամենքիդ»:
Այս առիթով մեծարյալներին շնորհավորեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը եւ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Նրանք ընդգծեցին, որ նման պարգեւաբաշխումները կարեւոր խթան են թատրոնի զարգացման համար, որոնցով Հայ Եկեղեցին արժեւորում է թատրոնի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում:
Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության եւ գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատեց, որ այս պարգեւներն արտահայտությունն են մեր ժողովրդի սիրո եւ գնահատանքի` հանդեպ երկու մշակութային գործիչները` մաղթելով Տիրոջ զորակցությունը նրանց հետագա ստեղծագործական կյանքում:
Հանդիսության ընթացքում հայ եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով ելույթ ունեցավ Մայր Տաճարի երգչախումբը` ղեկավարությամբ Ռուբեն Շարբաթյանի: