Ս. Պատարագ եւ հոգեհանգիստ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հարապետի մահվան 10-րդ տարելիցի առիթով
պտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի առիթով մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ս. Պատարագի ընթացքում Խաժակ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով երանաշնորհ Հայրապետի լուսավոր կերպարին եւ Հովվապետության տարիներին: «Պատմական խառը ժամանակներում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Աստծո կանչին` գալով հովվելու իր հոտը իբրեւ Ամենայն Հայոց Հայրապետ, եկավ իր ծառայությունը բերելու իր ժողովրդին: Լուծը ծանր էր, սակայն հիշելով Մովսեսի պատգամն ուղղված Հեսուին, թե` քա'ջ եղիր, որովհետեւ Աստծո Հոգին քեզ հետ է, եկավ լինելու քաջ հովիվ: Ներշնչված Ս. Հոգով` շարունակեց հովվել իր հոտը, առաջնորդել դեպի Աղբյուրը Լույսի:
Համաշխարհային անձ է, համաշխարհային գիտակցություն եւ ներգործություն ունեցող անձ է Գարեգին Ա Վեհափառ Հայրապետը, ով դարձավ խանդավառող ուժ տարբեր եկեղեցիների հավատացյալների համար, տարբեր ժողովուրդների համար: Այս պահին զգում ենք հոգեւոր ներկայությունը Գարեգին Ա հանգուցյալ Հայրապետի եւ զգում ենք, որ նա ուրախ եւ երջանիկ է, որ տեսնում է մեզ բոլորիս` աշխարհական, թե հոգեւորական, համախմբված իր արժանավոր հաջորդի` Գարեգին Բ Հայոց Հայրապետի շուրջը:
եհափառ Հայրապետն արձանագրեց իր կտակը, վերջին խոսքերը թղթի վրա, որ ուղղված են համայն հայությանը: Նրա պատգամին հետեւելով` շարունակենք սիրել Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որովհետեւ նրա հաջողությունը հաջողությունն է Քրիստոսի առաքելության մեր ազգի կյանքից ներս, եւ կատարելով նրա կտակը` պիտի կարողանանք իսկապես զգալ մեր միասնականությունը իբրեւ Եկեղեցի եւ ժողովուրդ, եւ հաղորդակցվելով իրար հետ` պիտի կարողանանք վայելել մեր ժողովրդի ավետյաց երկիրը` ազատ ու անկախ Հայաստանը», - ասաց Սրբազան Հայրը:
Հավարտ Ս. Պատարագի Գարեգին Ա Հայրապետի շիրիմի մոտ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Արարողությունից հետո Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց բոլոր ներկաներին, ովքեր Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց աղոթքն ու խոնարհումը բերելու հոգելույս Հայոց Հայրապետի հիշատակին: Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Նորայր եպիսկոպոս Աշգյանը, Մայր Աթոռի բարերար Հայկ Դիդիզյանը եւ հոգելույս Հայրապետի եղբայր Զոհրապ Սարգիսյանը: