Ս. Պատարագն աշակերտի շուրթերով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանի մասնավոր հրահանգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էր «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որն անցկացվեց Վեհափառ Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով:
Ծրագիրը, որի նպատակն էր աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին եւ երգեցողությանը, իրականացվեց երեք փուլով` տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եղեկեցու Հայաստանյան թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության վարչությունների եւ նրանց կողմից լիազորված անձանց, ինչպես նաեւ երաժշտագետների եւ արվեստաբանների անդամակցությամբ ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներին, տարածաշրջաններից ընտրեցին մեկ լավագույն միջոցառում: Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրված լավագույն միջոցառումները մասնակցեցին մարզային փուլին, որի գնահատման համար ձեւավորված նոր հանձնախմբերը յուրաքանչյուր մարզից հաղթող ընտրեցին մեկական դպրոց: Վերջիններս ներկայացան հանրապետական փուլ` եզրափակիչ եռօրյա միցույթ-փառատոնին, որն անցկացվեց Էջմիածնի հայորդաց տանը:
Հանրապետական փուլի յուրաքանչյուր անվանակարգի գնահատման համար մշակվեցին չափորոշիչներ, ձեւավորվեց հատուկ հանձնախումբ, որը եռօրյա մրցույթ-փառատոնի ավարտին ընտրեց «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերի եւ գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ի արժանացած դպրոցների:
Սույն մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետության տասնամյակին նվիրված ցերեկույթի ընթացքում, որի ժամանակ կհայտարարվեն մրցանակակիր դպրոցները:
Հանդիսությունը կկայանա
ս/թ դեկեմբերի 15-ին` ժամը` 14.00
Էջմիածնի հայորդաց տան դահլիճում