Ս. Շողակաթի վանք տարվեց Ս. Հովհաննես Կարապետի մասունքը
Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը համընկնում է նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրվա հետ:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների դասը հանդիսավոր թափորով և ուխտավորների ուղեկցությամբ Սուրբ Շողակաթ վանք բերեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազում ուխտավորներ` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Շողակաթի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը:
Հայր Իգնատիոսն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ տոնի խորհրդին և Ս. Մարիանեի նահատակության վայրում կառուցված Ս. Շողակաթ եկեղեցու պատմությանը: «Մեր դարաշրջանում չի պահանջվում նահատակություն, պարզապես պետք է ընդունել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մեր սրտերից ու հոգիներից ներս, ապրել Իր իսկ պատգամներին և ունեցած կյանքին համարժեք», - պատգամեց պատարագիչ Հայր Սուրբը:
Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն:
Տոնի առիթով տեղի ունեցավ նաև Ս. Շողակաթ վանքին հարակից փողոցի ցուցանակի բացումը. Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ օրեր առաջ փողոցը վերանվանվել էր Ս. Մարիանեի անունով: Բացման արարողությանը իր սրտի խոսքն ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը: