«Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Վրեժ Մարկոսյանին
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին` բարձր գնահատելով նրա ազգօգուտ ու եկեղեցաշեն արդյունաշատ վաստակը:
Շքանշանի հանձնման հանդիսությունը բացվեց Տ. Պարույր քահանա Ավետիսյանի ողջույնի խոսքով: Այնուհետեւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ներկայացրեց մեծարյալի կյանքի ուղին եւ արդյունաշատ վաստակը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը եւ ընթերցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի կողմից:
Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «....Երկար տարիներ ճանաչում ենք հավատավոր հայորդուդ եւ քաջածանոթ ենք Ձեր զորեղ հավատքին, զոհողության պատրաստակամությանը, մեր Հայրենիքի կյանքին բերած Ձեր վաստակին: Հասարակական կյանքում հասնելով հաջողությունների, Դուք գնահատելի ծառայություններ եք մատուցում մեր ժողովրդին` սատարելով հայորդյաց բարօրությանն ուղղված տարբեր ծրագրերին: Գոհություն ենք մատուցում առ Աստված, որ ազգանվեր ու հայրենասեր ոգին զորեղ է հայորդյաց սրտերում` առաջնորդելով բարի իրագործումների:
Որդիական ջերմ սիրով Դուք նախանձախնդիր եք նաեւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շինությանն ու պայծառությանը: Շարունակելով մեր Եկեղեցուն օգտակար լինելու պայծառ ավանդները, որոնք դարերով խնամվել ու պահպանվել են մեր ժողովրդի հոգում` Դուք հավատավոր ու ազնիվ ոգով ստանձնեցիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վազգենյան մուտքի կառուցման հովանավորությունը, որով առավել բարեզարդվեց ու գեղեցկացավ Մայրավանքի շրջակայքը: Մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությունները արդյունաշատ են նաեւ Սուրբ Էջմիածնի հրատարակչական առաքելությանը «Տիգրան Մեծ» տպարանի բերած կարեւոր աջակցությամբ: Հիրավի, Ձեր ընտանիքի անունն այլեւս անբաժան է Սուրբ Էջմիածնի պատմությունից եւ մշտապես աղոթքով ու բարեմաղթանքներով պիտի հիշվի երախտագետ հայորդյաց կողմից»:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Շքանշանի հանձնումից հետո երախտագիտության խոսք ասաց տիար Վրեժ Մարկոսյանը` խորին շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընծայված մեծ պատվի համար:
Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով մեծարյալի արժանիքներին եւ Եկեղեցուն ու ազգին բերած ծառայություններին, գոհունակությամբ արձանագրեց. «Բարեգործությունը հոգեկերտվածք է: Շատ անձեր կարող են ունենալ նյութական հարստություն, բայց բարեգործ լինելու համար պետք է ունենալ սեր, անվերապահ սեր Ազգի, Հայրենիքի եւ Եկեղեցու նկատմամբ: Այդ սիրով է հատկանշված անունը տիար Վրեժ Մարկոսյանի»:
Հանդիսության ընթացքում հայ եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով ելույթ ունեցավ Մայր Տաճարի երգչախումբը` ղեկավարությամբ Ռուբեն Շարբաթյանի: