Ս. Աստվածածնի վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Տիրամոր` Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման բերկրառատ տոնը:
Միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և ներկայությամբ ուխտավոր հավատացյալների, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում Հովնան Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Ս. Աստվածածնի վերափոխման տոնի խորհրդին: Սրբազան Հայրը նաև իր խորհրդածությունները ներկայացրեց շնորհընկալ և պսակավոր Ս. Տիրամոր ամբողջանվեր ծառայության և լուսեղեն կերպարի առնչությամբ` այն համարելով մայրության վեհ գաղափարի կատարելատիպ:
«Աստվածամայրը Յուղաբեր կանանց հետ միասին առաջիններից մեկը եղավ, որ ավետեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը և մնաց Երուսաղեմում` տեսնելու իր Որդու խոստումը` Ս. Հոգու Գալուստը:
Աստվածամայրը մեզ համար ամեն բանից առաջ մոր կերպար է. մայր` նման բոլոր մայրերին», - նշեց Սրբազան Հայրը:
Պատարագիչ Հովնան Սրբազանը, շնորհավորելով ներկաներին տոնի առիթով և հայցելով Ս. Աստվածածնի բարեխոսությունը Հայրենիքի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, նաև մաղթեց, որ Աստվածամոր շնորհները` իբրև ցող, երկնքից իջնեն բոլոր կանանց և մայրերի վրա:
Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը, որի ընթացքում հոգեզմայլ շարականի երգեցողությունից հետո ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, ապա` Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» թուղթը: Արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալ ուխտավոր ժողովրդին: