Ս. Աստվածածնի ավետման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ս. Աստվածածնի ավետման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 08.04.2015
Ս. Աստվածածնի ավետման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ս. Աստվածածնի ավետման տոնը: 

Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի միաբան Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանի մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Հոգեշնորհ Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Ս. Մարիամ Աստվածածնի կերպարին, խոնարհությանն ու անօրինակ հավատին, որոնք դարձան բոլոր առաքինությունների թագն ու պսակը: 

Պատարագի ավարտից հետո Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում հանդիպեց Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող աշխատակցուհիների հետ:

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ամենքին:

     Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը խոսեց Աստվածամոր կերպարի ու առաքելության մասին՝ ներկաներին հորդորելով անդրադառնալ Տիրամոր առաքինի անձին, որը դարեր շարունակ ներշնչել է նաև հայ կանանց, դարձել նրանց համար խոնարհության և վեհության կենդանի օրինակ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց նաև այն, որ ներկա ժամանակներում, երբ աշխարհում նկատվում է բարոյական արժեքների անկում, իսկ Հայրենիքը դիմագրավում է բազում փորձություններ, հայ կինը չպետք է տկարանա դժվարությունների առջև, այլ Ս. 

Աստվածածնի նմանությամբ արիություն և զոհաբերության ոգի ցուցադրի ի սեր ընտանիքի պայծառության, ամրության և երջանկության, հանուն ազգային-ընտանեկան արժեքների անխաթար պահպանման:

     Գարեգին Բ Հայրապետը, կարևորելով Մայր Աթոռի աշխատակցուհիների բերած ծառայությունը Եկեղեցու առաքելության իրականացման նվիրական գործում, իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց նրանց` մաղթելով Տիրոջ Ամենախնամ Աջի ներքո խաղաղ և բարօր կյանք: