Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և Մարիամ Աստվածածնի առաքինի կերպարին, որը սրբության ու մաքրության, խոնարհության ու հնազանդության լավագույն օրինակն է ընտանիքի, հայ կնոջ և առհասարակ հայ քրիստոնյայի համար:
Հավարտ Ս. Պատարագի` Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Ս. Տրդատի Բաց Խորան, ուր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն: Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի աղոթքի ընթերցումից և հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին` մաղթելով, որ Աստված երկնային շնորհներ հեղի ամենքի կյանքից ներս և բերք ու բարիքի առատության մեջ երջանիկ, ապահով ու անվրդովվ կյանք պարգևի:
Վերջում միաբան սարկավագներն օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին:
Հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, մատուցվեց հոգեհանգստյան Ս. Պատարագ` ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար: