Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 16-ին` Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը: Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին եւ Աստվածամոր կերպարին:
Հավարտ Ս. Պատարագի Մայր Տաճարից Հայրապետական թափորն ուղղվեց դեպի Ս. Տրդատի Բաց Խորան, ուր հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը: Ս. Ներսես Շնորհալի հայրապետի աղոթքի ընթերցումից եւ հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո Նորին Սրբությունն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին, ապա անդրադարձավ Տիրամոր վերափոխման պատումին` իբրեւ լավագույն վկայություն ծնողասիրության:
Վերջում միաբան սարկավագները օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին: