Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն Մայր Աթոռում
Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն: Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել էին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան ճեմարանի դասախոսներ և Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ:
Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով, ով մասնավորապես ընդգծեց տոնի պատմական կարևորությունն ինչպես ներկայի, այնպես և ապագայի սերունդների հայեցի դաստիարակության և ոգու կերտման համար: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ պրոռեկտոր տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը`ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհավորելով Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա առիթով:
Միջոցառման մասնակիցներին Վարդանանց սխրագործության մասին բանախոսություն ներկայացրեց ճեմարանի դասախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիս Հարությունյանը: Հանդիսության ընթացքում հոգևոր ու հայրենասիրական երգերով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի Պետական համալսարանի երգչախմբերը, ներկայացվեցին նաև Ավարայրի հերոսներին նվիրված բանաստեղծություններ:
Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառման ավարտին ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը տոնը հայորդիների ուխտի նորոգության օր նկատեց` ներշնչվելու և ապրելու Վարդանանց սխրանքով, նրանց օրինակով առաջնորդվելու և իրականացնելու իրենց առաքելությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Վարդանանց արյունով սրբագործվեց հայրենի հողը, կերտվեց հայ ժողովրդի հարատևության խորհուրդը` ապրելու և գործելու հանուն Հայրենիքի և հավատքի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին կյանքում ընթանալ Վարդանանց ոգով, որն իր մեջ կրում է հայրենասիրության ու աստվածսիրության խորհուրդը, և տոնի խորհուրդը նկատելով որպես իրենց ուղղված Վարդանանց պատգամ` այն կենսագործել ամենօրյա կյանքում:
Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Համալսարանի ղեկավարությանն ու Ճեմարանի տեսչությանը ոգեշնչող միջոցառման կազմակերպման համար: