Սպորտային միջոցառումներ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում

Դեկտեմբերի 11-ին. Ս. Ծննդյան արձակուրդներից առաջ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում սպորտի օր էր: Ճեմարանի սաներն իրենց կարողություններն ու հմտություններն էին ցույց տալիս զանազան մրցաձեւերում:
Միջոցառումներն սկսվեցին միասնական աղոթքով, որից հետո բարձրացվեցին դրոշները եւ սաները երդվեցին` դրսեւորելու մարտական ոգի` պահպանելով սեր եւ հարգանք միմյանց նկատմամբ:
Ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանն իր խոսքում անդրադարձավ մարմնակրթության անհրաժեշտությանն ու կարեւորությանը մարդու կյանքում, հորդորեց միշտ պահպանել ճշմարիտ մրցակցության ոգին` արժանի լինելով իրենց խմբերին տրված թագավորների անուններին: Հայր Սուրբը նաեւ հաջողություններ մաղթեց ճեմարանականներին:
Մարդասիրական ճեմարանի սաները բաժանված էին հետեւյալ խմբերի անվանումներով` «Հայկ», «Լեւոն», «Տրդատ» եւ «Տիգրան»: Խաղերի ավարտին արդյունքներն ամփոփելուց հետո լավագույն ճանաչվեց «Տիգրան» խումբը:
Սպորտաձեւերի մեջ լավագույն արդյունք ցույց տված սաներն արժանացան պարգեւների եւ մեդալների, որոնք հանձնեց օրվա պատվո հյուրը` Կալկաթայում հյուրաբար գտնվող քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:
Միջոցառումներին ներկա էին Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամներ, հնդկահայեր, մի քանի ծնողներ եւ քույր դպրոցի սաներ: