Սուրբ Պատարագ եւ Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի օրվա առիթով
«Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններ հանձվեցին զորականներին
Հունվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Բանակի օրվա առիթով` արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը` գլխավորությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, զինվորներ եւ բարեպաշտ հավատացյալներ:
Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց Հանրապետական մաղթանք` Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության եւ Հայոց բանակի առավել զորացման համար:
Մասնավոր այս աղոթքի արարողությունից առաջ օրվա խորհրդով քարոզ խոսեց գերաշնորհ Անուշավան Սրբազանը` մասնավորապես նշելով. «Մեր բոլոր ձեռքբերումները, նվաճումները, հաղթանակները հաջողությամբ են պսակվել, որովհետեւ մենք բոլորս զորավոր հավատացել ենք դրանց: Միայն հավատք. հավատք` անմահության, հավատք` հարության: Հոգեւոր զենք, գաղափարական զենք, բարոյական զենք, սակայն զենքերի զենքը հավատքն է, որի դիմաց փշրվում են բոլոր զենքերը: Այդ զենքով է շահված քրիստոնեության հաղթանակը: Հենց այդ զենքով զինված մեր ազգի զավակներն Ավարայրում, Սարդարապատում եւ Արցախում կանգնեցին մեր անկախությանը եւ հայրերի հավատքին սպառնացող թշնամու դեմ:.... Մեր ժողովրդի կենաց ծառը, մեր բանակն ավելի հասակ կառնի, կզորանա, եթե մենք ամուր կառչենք մեր արմատներից, որտեղից որ սնունդ ենք առնում: Դարձ դեպի մեր արմատները, դարձ դեպի մեր ինքնությունը, դարձ դեպի մեր արժանապատվությունը, դարձ դեպի մեր արժեքները, որոնք խորթ չեն, հարազատ են, մերն են` մեր արյունին խառնված, մեր հայրերի հոգով կյանք առած, մեր նախնյաց արյունով մկրտված»:
Սբ. Պատարագից հետո Հայրապետական թափորը եւ բանակի սպայական կազմն ուղղվեցին դեպի Վեհարան, ուր տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Ընդունելությունը բացվեց ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանի շնորհավորական խոսքով: Այնուհետեւ Հայոց բանակի բարձրաստիճան սպայական կազմին իր հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ նվիրական այս օրը եկեղեցականաց դասը զորականների հետ համատեղ աղոթքի է կանգնում Մայր Տաճարի Սբ. Խորանի առջեւ եւ հայց բարձրացնում երկրի խաղաղության համար: Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն ուղղեց ներկաներին` աղոթելով, որ Տերը Հայոց բանակի յուրաքանչյուր սպասավորին ապահով պահի խաղաղ ծառայության մեջ եւ որ հաղթանակները միշտ ուղեկից լինեն Հայոց բանակին:
Այնուհետեւ ընդունելության համար Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց եւ բարձրագույն սպայական կազմին շնորհավորեց ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:
Ընդունելության ընթացքին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհեց ՀՀ Պաշտպանության փոխնախարարներ գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանին ու գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին եւ ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: