Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով
Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:
Ս. Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը քարոզ խոսեց` անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի կարևոր դերին ու նշանակությանը. «Գոհություն Ամենազոր Աստծո, որ այսօր համայն մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի միասնաբար տոնախմբում է Հայոց երիտասարդ և հաղթական բանակի 21-րդ տարեդարձը: Բանակ, որը թեպետ ստեղծվել ու կայացել է ոչ վաղ անցյալում, սակայն ապրել և հաղթանակների փայլուն պսակների է արժանացել` անցնելով ծանր և դժվարին ժամանակներով, այլև հայ զորականաց սուրբ և արդար արյան հեղումով»: Խոսքն ուղղելով ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին` Սրբազան Հայրը մասնավորապես նշեց. «Հորդորում ենք հայոց զինված ուժերի յուրաքանչյուր գիտակից ծառայակցի, որպեսզի լցված միաբանության ոգով, շարունակի իր արդար ու հաղթական երթը, քանզի հայոց բանակը այն կարևորագույն հիմնաքարն է, որի վրա պիտի խոյանա մեր ժողովրդի միասնության սրբազան տաճարը»:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. խորանի առջև, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի: Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեկ անգամ ևս շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առիթով, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Անդրադառնալով թե՛ հոգևոր սպասավորների և թե՛ զինվորականների ծառայության կարևորությանը հայ ժողովրդի կյանքում` Նորին Սրբությունը նշեց, որ նրանք երկուսն էլ կոչված են պայքարելու չարի դեմ հոգևոր և ֆիզիկական տեսանկյուններից` այն հասարակության միջից վերացնելու, սեր ու խաղաղություն հաստատելու և ապահով ու անսասան Հայրենիք կառուցելու համար:
Այնուհետև, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին և գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:
Ապա ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով Արցախյան ազատամարտին մասնակցած և զինված ուժերում հոգևոր ծառայության ընթացքում իրենց նպաստը բերած շուրջ 20 հոգևորականներ պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով: