«Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագրի եզրափակիչ փուլը

Ի նշանավորումն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնամյակի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ հանրակրթական դպրոցներում նախաձեռնել էր «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը:

Ծրագրի աշխատանքները մեկնարկել են Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրահանգով: Ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին եւ երգեցողությանը, նախատեսված էր իրականացնել երեք փուլով` տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եղեկեցու Հայաստանյան թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության բաժինների եւ նրանց կողմից լիազորված անձանց անդամակցությամբ ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներին, տարածաշրջանների մասնակից դպրոցներից ընտրել են լավագույններին, որոնք մասնակցել են մարզային փուլին: Հաղթող ճանաչված դպրոցները ներկայանալու են հանրապետական` եզրափակիչ եռօրյա միցույթ-փառատոնին, որն անցկացվելու է Էջմիածնի Հայորդյաց տանը, դեկտեմբերի 1-3-ը, ժամը 1100-ից:

Եզրափակիչ փուլի ավարտին ընտրվելու են հաղթողներ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում: Գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ը շնորհվելու է լավագույն միջոցառում ներկայացրած դպրոցին: