Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց. «Կոչված ենք Տիրոջից եւ ժամանակի հրամայականների առջեւ պարտավորված` միավորելու մեր ջանքերը հանուն աշխարհում ազատ ու երջանիկ կյանքի, հանուն մարդասիրության արժեքների»
Ապրիլի 8-ին մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն առանձնահատուկ խնդությամբ նշվեց աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Տոնի առիթով Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ-ի հայորդյաց տները կազմակերպել էին թափոր-երթ: Առավոտյան Սուրբ Հռիփսիմե վանքի մոտից հարյուրավոր երիտասարդներ շարականների երգեցողության եւ թմբուկների ձայների ներքո քայլեցին դեպի Մայր Աթոռ, ուր Տրդատի կամարի առջեւ դիմավորեցին Հայրապետական թափորը:
Առավոտյան ժամը 10.30-ին Մայր Տաճարի ողջունաբեր զանգերի ներքո հոգեւորականների թափորը Վեհարանից ամպհովանիով Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի Միածնաէջ Սուրբ Տաճար: Տիրոջ Հարության տոնի առիթով Նորին Սրբությունը մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ Հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին: Պատարագին Վեհափառ Հայրապետին որպես առընթերականներ սպասավորում էին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր հովիվ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
«...Աստվածորդին աշխարհի փրկության համար Իր կյանքը տվեց որպես փրկագին, եւ Քրիստոսի զոհաբերությունը դարձավ մարդկության հանդեպ աստվածային սիրո մեծագույն ապացույցը: Իր զոհաբերությամբ ու Հարությամբ Քրիստոս մարդկությանը պարգեւեց ազատություն չարի իշխանությունից, մեղքի ու մահվան գերությունից: Քրիստոս ընծայեց մեզ ազատություն, որ վեր է այդ հասկացության մարդկային սովորական ըմբռնումներից, ազատություն, որ շնորհ է` ընթանալու դեպի վերածնված կյանք, արդարությամբ, խաղաղությամբ նորոգված կյանք եւ այնքան բաղձալի ու փնտրված հավիտենությունը կյանքի»,- ասվում է Հայրապետական ուղերձում:
Նորին Սրբությունը խոսեց նաեւ աշխարհի` Քրիստոսի Հարության լույսից հեռացող ընթացքների մասին` նշելով, որ այսօր էլ տարածվում են հուդայական համբույրներն ու նյութապաշտությունը, սեփական բարօրության համար ոտնահարվում է արդարությունը, մերժվում է խաղաղաբեր Քրիստոս, հասարակության մեջ տեղ են գտնում խաբեությունը, բռնությունները, սպանությունները, նեղությունները, աղքատությունն ու կարոտությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ հայ ժողովրդի փորձություններին` ընդգծելով, որ տակավին ստիպված ենք պայքարել Լեռնային Ղարաբաղի հայության ազատ ու ապահով ապրելու աստվածաշնորհ իրավունքի համար, Ցեղասպանության համընդհանուր դատապարտության համար, հայ հոգեւոր եւ մշակութային արժեքների, սրբությունների եւ սրբավայրերի պահպանության եւ փրկության համար հարեւան երկրներում:
«...Ցեղասպանության փաստը մերժող քաղաքականությունը պատճառ է ֆիզիկական, մշակութային, հոգեբարոյական նոր ցեղասպանությունների: Անպատիժ ոճրագործությունները անխուսափելիորեն ծնում են նորերը: Հայոց Ցեղասպանությանը հետեւեց Հոլոքոստը, նաեւ` Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ցեղասպանություններ: Բուդդայական արձանների կործանմանը Աֆղանստանում հետեւեց Նախիջեւանի հազարավոր հնագույն խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի զինվորների կողմից: Օրեր առաջ` երբ տակավին մեր ժողովրդի հոգում չի սպիացել վերքը Հրանտ Դինքի սպանության, թուրքական իշխանությունները, ավարտելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու նորոգումը, հայկական դարավոր սրբավայրը վերածեցին թանգարանի: Ցեղասպանության օրերից եկեղեցին կանգնած էր աղոթական լռությամբ, այսօր նորոգված եկեղեցում արգելված է աղոթքը: Արդարեւ, այսպիսին չեն կարող լինել կրոնների եւ մշակույթների երկխոսության այս նոր դարի ոգին եւ ժողովուրդների համերաշխ գոյակցության ձգտումները մարդկության», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Ապա Նորին Սրբությունը մաղթեց, որ Հարության շնորհներով զորանան մեր հոգիները` հավատքի վեմի վրա հաստատված գործերով բարօր եւ լուսաշող դարձնելու մեր Հայրենիքի, մեր ժողովրդի եւ Եկեղեցու վերազարթոնքի ուղին: Վեհափառը պատգամեց այդ հավատով, նախանձախնդրությամբ, ապագայի հանդեպ վստահությամբ ու պատասխանատվությամբ անցկացնել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջույնը հղեց Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, ինչպես նաեւ Քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին: Նորին Սրբությունը իր սերն ու օրհնությունը փոխանցեց եկեղեցականաց ողջ դասին եւ հավատավոր համայն հայ ժողովրդին:
Սուրբ Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ՀԲԸՄ 100-ամյակի տոնախմբության առիթով ՀՀ-ում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Բարեգործական Ընդհանուր Միության բարերարներ, Միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ` Կենտրոնական Վարչության ու մասնաճյուղերի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության, կրթության, արվեստի եւ մշակույթի գործիչներ:
Սուրբ Պատարագից հետո Վեհարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով ներկաներին ուղղեց Հայրապետական իր բարեմաղթանքները Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով: