Սուրբ Էջմիածնում հողին հանձնվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները

Սուրբ Էջմիածնում հողին հանձնվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները 17.07.2007

 

Հուլիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պետական բարձր պատիվներով եւ եկեղեցական ծիսակարգով հողին հանձնվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս նախագահ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգային բարերար լուսահոգի Ալեք Մանուկյանի եւ նրա կողակից Մարի Մանուկյանի մարմինները:

Հանգուցյալ մեծանուն հայորդիների մարմինները ժամը 1000-ին Սուրբ Գայանե վանքից տեղափոխվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր Սուրբ Տրդատ թագավորի բաց խորանի առջեւ դրվեցին հատուկ պատվանդանների վրա:

Ապա կատարվեց հոգեհանգստյան պաշտոն բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Ալեք եւ Մարի Մանուկյանների զավակներ Լուիզ Մանուկյան Սիմոնի, Ռիչարդ Մանուկյանի եւ Մանուկյան ընտանիքի այլ անդամների:

Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ Կառավարության անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ, գիտության եւ մշակույթի գործիչներ:

Հավարտ արարողության Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին: «Ուրախ են մեր հոգիներն այսօր` ամփոփված տեսնելով Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմիններն իրենց համար միշտ նվիրական հայրենի հողում, իրենց սրտերին շատ սիրելի Սուրբ Էջմիածնում, որոնցից երբեք բաժանված չեղան: Սերնդե-սերունդ մեր զավակները պիտի այցելեն այստեղ նրանց նվիրատվությամբ կառուցված Գանձատուն եւ գան խոնարհվելու նրանց շիրիմներին: Պիտի աղոթեն նրանց միջոցներով նորոգված եւ կառուցված եկեղեցիներում, ուսանեն նրանց հովանավորությամբ գործող կրթական հաստատություններում, պիտի ներշնչվեն նրանց բարի գործերով, ազգասեր, հայրենասեր ու եկեղեցասեր ոգով ու օրինակով նրանց, ովքեր «Մահկանացու ծնված` անմահ հիշատակ թողեցին»: Այսպես է կանգուն ժողովուրդը` նվիրումով, ծառայությամբ, ազնիվ ու պանծալի գործերով եւ դրանց գնահատությամբ ու արժեւորումով` սերնդե-սերունդ:

...Գոհության աղոթք բարձրացնենք երկինք, որ Տերը օրհնել է մեր ժողովրդին նվիրյալ զավակներով եւ նրանց հույսերով, նրանց հավատով ու ջանքերով առաջնորդել ազգս դեպի նոր արշալույս, որ շողում է մեր պետականության վերականգնումով, Արցախի ազատագրությամբ եւ Սփյուռքի հառնող ու ծաղկող կյանքով»,- մասնավորաբար ասաց Նորին Սրբությունը:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը

Այնուհետեւ «Աշխարհ ամենայն» շարականի երգեցողության ներքո, ՀՀ Պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի եւ հոգեւորականների ու աշխարհականների սգո թափորի ուղեկցությամբ Մանուկյանների մարմինները տեղափոխվեցին իրենց բարերարությամբ կառուցված Գանձատան առջեւ, որտեղ բարեհիշատակ բարերարների աճյունները պիտի հանձնվեին հողին: Այստեղ կատարվեց թաղման արարողության կարգը: ՀՀ պետական դրոշը պատվո պահակախմբի կողմից հանձնվեց Ալեք եւ Մարի Մանուկյանների զավակներ Լուիզ Մանուկյան Սիմոնին եւ Ռիչարդ Մանուկյանին: Ապա ՀՀ պետական օրհներգի ներքո լուսահոգի բարերարների մարմիններն իջեցվեցին գերեզման:

Այնուհետեւ Վեհարանի հարկի ներքո տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքին խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ տիար Տիգրան Թորոսյանը, տիար Ռիչարդ Մանուկյանը եւ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը:

...Ալեք Մանուկյանի կյանքն ու գործունեությունը սիրո եւ նվիրումի եզակի մարմնացում եղան` առ իր ընտանիքը, իր ժողովուրդն ու Հայրենիքը: Ահա թե ինչու իր երկրային կյանքի ավարտից հետո էլ իր գործը շարունակվում է իր զավակների` Լուիզ Սիմոն եւ Ռիչարդ Մանուկյանների շնորհիվ: Վերադառնալով Հայրենիք, մեծ բարերարն այսօր ստանձնեց իր վերջին առաքելությունը` իր ներկայությամբ ու օրինակով ազգանվեր գործունեության մղելով բազմաթիվ հայորդիների, քանզի անհերքելիորեն ապացուցել է, որ անձնական հարստությունը իմաստ ու արժեք է ստանում բարեգործությամբ ու նվիրումով»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում:

Ազգային Ժողովի նախագահ տիար Տիգրան Թորոսյանի խոսքը

«Նրանց կյանքը մեզ համար շողացող մի արահետ է խորհրդանշել` մշտապես ուղղված դեպի Հայաստան հինավուրց երկիրը: Հայրս իր կյանքում չնախընտրեց միանալ հոգեւորականների սրբազան շարքերին, սակայն սրտի խորքում մշտապես մեծ սեր է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Նրա խորին հավատը եւ իր նախնիների հավատի նկատմամբ իր նվիրումը առաջնորդել են նրան ողջ կյանքի ընթացքում...: Սա հատուկ պատիվ է նրանց` ընծայված Հայ Եկեղեցու կողմից` ի գնահատություն նրանց նվիրումի եւ ծառայության Հայաստան մեր Հայրենիքին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Հայրս միշտ հաճույքով էր հիշում Հայաստանում անցկացրած ժամանակը` հատկապես այն օրը, երբ այստեղ կատարվեց Ալեք եւ Մարի Մանուկյանների Գանձատան բացումը: Նա իր սրտի զգացումներն արտահայտեց` ասելով. «Յուրաքանչյուր մարդ կյանքում ունի երազանք: Իմ երազանքը մշտապես եղել է այն, որ մեր նախնյաց հայրենիքի շինությանը կարողանամ ավելացնել իմ սեփական աղյուսը Ես ինձ շնորհընկալ եմ զգում, որ հնարավորություն եմ ունեցել մի քար դնել Հայրենիքիս սրբազան հողի վրա` Սուրբ Էջմիածին սրբազնագույն սրբավայրում»:

..Ծնողներս Հայաստան այցելել են նախքան անկախության հռչակումը, եւ նրանց ընդունեցին որպես բարերարների: Հայաստանի անկախացումը նրանք եւս ողջունեցին մեծ ուրախությամբ, քանզի անկախությունը հնարավորություն տվեց հայ ժողովրդին Սփյուռքում եւ Հայրենիքում միավորվել հանուն Հայաստանի ապագայի»,- ասաց Ռիչարդ Մանուկյանը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին եւ Հայոց Եկեղեցուն` ի պատիվ իր ծնողների արած ամենի համար:

Տիար Ռիչարդ Մանուկյանի խոսքը

Ալեք եւ Մարի Մանուկյանների կյանքի ուղին ներկայացրեց տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը: «Այսօր ես զգում եմ` ծնողներս ժպտում են երկնքում` հիացած, որ նոր շրջան է սկսվել իրենց կյանքում, եւ երախտագիտություն հայտնում Նորին Սրբությանը, որ այժմ եւ հավետ հանգչելու են Սուրբ Էջմիածնի օրհնյալ հողում, որը սիրտն ու հոգին է յուրաքանչյուր հայի` անցյալի, ներկայի եւ ապագայի:

 ..Մենք երբեք չենք մոռանա այն տպավորիչ ընդունելությունը, երբ ժամանեցին մեր ծնողները, եւ այսօրվա հուզիչ հուղարկավորությունը: Անգամ հայրս, իր բոլոր երազանքներով հանդերձ, չէր կարող պատկերացնել անցնող այս օրերը»,- նշեց տիկին Մանուկյան Սիմոնը` իր հերթին եւս շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին եւ ՀՀ Նախագահին այս անսպասելի եւ բացառիկ պատվի համար, որին արժանացվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանները:

 

Տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի խոսքը

Հավարտ ընդունելության կատարվեց գերեզմանի կնքման կարգը: