«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի եւ մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում

«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի եւ մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում

Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի եւ մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ:

Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` Մուշեղ Սրբազանը կարեւորեց նման սեմինարների անցկացումը` ընդգծելով, որ դրանք այսուհետ շարունակական բնույթ են կրելու: Սրբազանը ներկայացրեց նաեւ այս ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործադրվող ջանքերը, որպեսզի իր հարկի ներքո ուխտավորները եւ զբոսաշրջիկները կարողանան լավագույնս հաղորդ դառնալ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր արժեքներին:

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռին` տուրիզմի կարեւորագույն ճյուղի զարգացմանը բերվող նպաստի համար` նշելով, որ նման հանդիպումները նաեւ ավելի են ամրապնդում Մայր Աթոռի եւ այդ ոլորտում ներգրավված ընկերությունների համագործակցությունը:

Քննարկվող թեմայի շուրջ բանախոսություն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տեր Հայրն իր խոսքում համառոտ անդրադարձ կատարեց Մայր Աթոռի հոգեւոր գանձերին, որոնք դարեր շարունակ դեպի իրենց են ձգել տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ ուխտավորների եւ օտարերկրացի ճանապարհորդների:

Քննարկումն ամփոփեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազանը քննարկումը նկատեց որպես Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն ուղղված կարեւոր եւ առաջընթաց քայլ, իր խոսքում անդրադարձավ նաեւ ուխտավորների համար համապատասխան պայմանների ապահովման անհրաժեշտությանը:

Վերջում տեղի ունեցավ ընդունելություն Մայր Աթոռի նորաբաց «Ագապե» ուխտավորական սեղանատանը: