«Սուրբ Զատիկը մանուկների աչքերով» խորագրով հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Սուրբ Զատիկը մանուկների աչքերով» խորագրով հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05.05.2009

Մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ միջմանկապարտեզային տոնական ցերեկույթների եւ մրցույթ-ցուցահանդեսների եզրափակիչ հանդիսությունը` նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը:

 

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, թեմակալ առաջնորդների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Սուրբ Զատկին նվիրված միջոցառումներ է կազմակերպել «Սուրբ Զատիկը մանուկների աչքերով» խորագրով Հայաստանի 105 նախադպրոցական հաստատություններում:

Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հայր Սուրբն ուրախությամբ նշեց, որ ծրագիրն իր բարի պտուղներն է տալիս այսօր, երբ հայ մանկան թոթովախոս շուրթերից հնչում է աղոթք, երգ եւ ասմունք` եւս մեկ անգամ ամենքիս պարուրելով Քրիստոսի հարության հույսով: Հայր Վարդանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը օրհնության, քաջալերության համար եւ կարեւորեց մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը:

Էջմիածնի երեք` թիվ 6, 11 եւ 15 մանկապարտեզների սաները մանկական տոնական ցերեկույթի ժամանակ ներկայացրեցին Մեծ պահքի կիրակիների խորհուրդը` ընգծելով Ս. Հարության տոնի կարեւորությունը: Նրանք նաեւ կատարեցին տոնին նվիրված շարականներ, ասմունքեցին եւ պարեցին:

Միջոցառման վերջում ներկաներին իր Հայրական օրհնությունը տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդանին ծրագիրը հաջողությամբ իրականացնելու  համար` մաղթելով նույն եռանդով եւ նախանձախնդրությամբ շարունակել անսակարկ ծառայությունը Հայ Եկեղեցու անդաստանում: Նորին Սրբությունն ընդգծեց, որ ուրախալի եւ գովելի է տեսնել այս մանուկներին, որոնց շուրթերից աղոթք է հնչում, երբ մանկան շուրթերով կրկին փառաբանվում է մեր Տերը` Հիսուս Քրիստոս եւ նրա կենարար հարությունը:

«Եթե երեխան ունենա դրոշմը աստվածսիրության, հայրենասիրության եւ եկեղեցասիրության, ապա մեր կյանքը օրհնությամբ կլցվի, մեր երազներն իրականություն կդառնան: Այս մանուկների ձեռքում պիտի կերտվի աստվածահաճո կյանքը մեր երկրի, որպեսզի ունենանք հզոր Հայրենիք եւ Եկեղեցի»,- նշեց Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմին, ՀՀ Կրթության Ազգային ինստիտուտի աշխատակիցներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, բոլոր մանկապարտեզների տնօրեններին, դաստիարակներին եւ ծնողներին, որ ջանք չեն խնայում, որպեսզի մատաղ սերունդը կրթվի մնայուն եւ հավիտենական արժեքներով:

Վերջում Վեհափառ Հայրապետը նվերներ բաժանեց երեխաներին, որից հետո Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի աշխատակիցները պատվոգրեր, վկայականներ եւ նվերներ հանձնեցին մասնակից մանկապարտեզներին եւ մրցույթի հաղթողներին:

Հանդիսությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, մի շարք քաղաքապետեր, ՀՀ Կրթության Ազգային ինստիտուտի աշխատակիցներ եւ բազմաթիվ հյուրեր: