Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցելությունը Թուրքիա
Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական անդրանիկ այցով մեկնեց Ստամբուլ: Ստամբուլի օդանավակայանում, պատվո սրահում, Նորին Սրբությանն ու շքախմբին դիմավորեցին Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը, Հայոց Պատրիարքության բարձրաստիճան եկեղեցականներ, Հունաց Տիեզերական Պատրիարքության երկու միտրոպոլիտներ, Թուրքիայում ՀՀ ներկայացուցիչ տիար Կարեն Միրզոյանը, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ:
Հաջորդած պաշտոնական ընդունելության ընթացքին Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքը ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետին եւ ուղեկից շքախմբի անդամներին` բարի գալուստ մաղթելով Ստամբուլ: Իր հերթին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհություն հայտնեց Բարձրյալ Տիրոջը, Ով առիթն ընձեռեց Իրեն Հովվապետական անդրանիկ այցելությամբ լինելու Ստամբուլում` հանդիպելու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1700-ամյա օրհնությունը փոխանցելու պոլսաբնակ հավատավոր հայ ժողովրդին, ինչպես նաեւ եղբայրական փոխադարձ այցով լինելու Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի մոտ:
Այսօր, հունիս 21-ին, Վեհափառ Հայրապետը` ուղեկցությամբ Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքի եւ շքախմբի, մեկնեց Հունաց Տիեզերական Պատրիարքարան, ուր հունաց աթոռանիստ եկեղեցում մասնակցեց առավոտյան ժամերգության, որի ավարտին «Ուրախ լեր» շարականի երեգեցողության ներքո առաջնորդվեց Պատրիարքարանի գահասրահ:
Գահասրահում, ներկայությամբ Սուրբ Սինոդի անդամների Նորին Սրբությանը դիմավորեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ը: Երկու Հայրապետների եղբայրական ողջագուրումից հետո Բարդուղիմեոս Պատրիարքը բարիգալստյան պաշտոնական խոսքով դիմեց Վեհափառ Հայրապետին:
Ապա Տիեզերական Պատրիարքին Տերունապարգեւ խաղաղության եւ սիրո իր ողջույնն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «...Մեր երջանկահիշատակ նախորդներն այցելել են Ձերդ Ամենասրբությանն ու Ձեր երջանկահիշատակ նախորդներին: Այսօր Մենք ենք այցելում Ձեզ` ուրախ սրտով ու եղբայրական սիրով: Մենք այցելում ենք մի ժողովրդի ու Եկեղեցու, որ բաժնեկից է Մեզ Քրիստոսի ժառանգությամբ, Նրա վկայությամբ ու Նրա սիրով: Մենք այցելում ենք մի Եկեղեցի, որի հետ կիսել ենք պատմությունը ձեռքբերումների ու արարումների, հալածանքների, տառապանքների եւ նահատակության, աղոթքի ու վկայության, որ արթուն է այսօր մեր սրտերում ու մտքերում: Մենք այցելում ենք մի Եկեղեցի, որ իր հարուստ անցյալով ու ներկայով շարունակում է Տիրոջ վկայությունը սիրով ու խաղաղությամբ:
Ձերդ Ամենասրբությանը այցելելով` Մենք վստահությունն ունենք, որ մեր աղոթքների ու զրույցների, մեր հանդիպումների ընթացքում պիտի կարողանանք վայելել Քրիստոսի սիրո ու եղբայրության պարգեւները, որ պիտի փոխանցենք որպես օրհնություն` հավատավոր մեր զավակներին», - ասաց Նորին Սրբությունը` վերհիշելով Նորին Ամենասրբության պատմական եւ հիշարժան այցելությունը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի հոբելյանական տոնակատարությունների շրջանակում 2001 թ. նոյեմբերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք վերառաքեց առ Աստված, որ Հավիտենական Լույսից բխող խաղաղությունը լուսավորի ու ջերմացնի ամենքի հոգիներն ու սրտերը` նպաստելով մեր հավատքի վկայության զորացմանը` ի խնդիր ժողովուրդների ու ազգերի, կրոնների ու Եկեղեցիների միջեւ խաղաղության, հաշտության ու բարեկամության ամրապնդման` հիմնված արդարության ու ճշմարտության անանց սկզբունքների վրա: Վեհափառը մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ եւ հովանու ներքո երկու Եկեղեցիների միջեւ առկա համագործակցությունն առավել պտղաբերի` ի սեր եւ ի պայծառություն Քրիստոսի Եկեղեցու եւ նրա հանապազ զորացման:
Պաշտոնական ընդունելությունից հետո տեղի ունեցավ առանձին հանդիպում, որի ընթացքում խոսվեց ընդհանուր միջեկեղեցական եւ մասնավորաբար երկու եկեղեցիների հարաբերությունների մասին:
Հունաց Պատրիարքարանում ի պատիվ Հայոց Հովվապետի կազմակերպվել էր նաեւ պաշտոնական ճաշկերույթ: