Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթին այցելեց Երեւանի պետական համալսարան

Սեպտեմբերի 5-ին Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունի գլխավորած պատվիրակությունն այցելեց Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ վսեմափայլ շեյխին դիմավորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան վրդ. Ժամկոչյանը, ֆակուլտետի դասախոնսեր եւ ուսանողներ:

Հանդիպումն ուսանողության հետ սկսվեց աշխարհի խաղաղության համար Սիրիայի մուֆթիի աղոթքով:

Սիրիայի Հանրապետության մուֆթիին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ԵՊՀ դասախոսական կազմի եւ ուսանողության անունից բարի գալուստ մաղթելով Մայր ԲՈՒՀ: «Պատվիրակությունը ներկայացնում է մեզ համար հարազատ մի երկիր եւ ժողովուրդ, որի նկատմամբ սիրո եւ հարգանքի զգացում կա յուրաքանչյուր հայի սրտում»,- մասնավորաբար նշեց պրն. Սիմոնյանը` երախտագիտություն հայտնելով Սիրիայի արաբ ժողովրդին հայորդիների նկատմամբ դրսեւորած հյուրընկալ ոգու համար:

Ապա ուսանողներին ողջունեց Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունը: «Հայաստանը հարուստ է ձեզանով եւ իր ժողովրդով, որը կյանք սիրող ժողովուրդ է»,- ասաց մուֆթին` մաղթելով, որ Հայաստանն իր երիտասարդների բազուկներով եւ ուժերով շենանա: Շեյխ Հասսունը նաեւ ներկայացրեց Հայաստան այցի իր տպավորությունները, անդրադարձավ երկու ժողովուրդների հարաբերություններին:

Ողջույնից հետո Սիրիայի մուֆթին հանդես եկավ դասախոսությամբ Աստծո արարչագործության եւ մարդու սրբության, աստվածային սիրո եւ եղբայրասիրության մասին: «Խաղաղությունն է սուրբ»,- ասաց շեյխը` խոսելով խաղաղության մասին եւ հորդորելով չվստահել այն մարդկանց, ովքեր կրոնների անունով են պատերազմում:

Դասախոսության ավարտին Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթին պատասխանեց ուսանողների հարցերին:

Նույն օրը պատվիրակությունն այցելեց Սբ. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի ուղեկցությամբ ծանոթացավ հաստատության գործունեությանը, դիտեց ցուցադրված ձեռագրերը: