Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունը եւ իր պատվիրակությանը ներկա գտնվեցին Սուրբ Պատարագի արարողությանը:
Պատարագի սկզնավորությանը, եկեղեցականների մեծաշուք թափորի ուղեկցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթին առաջնորդվեցին դեպի Մայր Տաճար: Պատարագիչն էր Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
«Ողջույն»-ից առաջ ներկա հավատավոր ժողովրդին խոսքով դիմեց պատարագիչ Սրբազանը: «...20-րդ դարը դարձավ դար ողջագուրման քրիստոնյաների միջեւ: 21-րդ դարի սկզբին տարբեր կրոնների ներկայացուցիչներ արդեն առաջ են քաշում այն գաղափարը, որ աշխարհի վրա ապրող բոլոր մարդիկ եղբայրներ են եւ բոլորը պիտի ողջագուրվեն:
Այս օրը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի այսօր մեզ հետ է Վեհափառ Հայրապետի պաշտոնական հրավերով եւ պաշտոնական այցով Սուրբ Էջմիածին եւ Հայաստան ժամանած Սիրիայի գլխավոր մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունն իր պատվիրակության հետ միասին, որպեսզի ողջունի Վեհափառ Հայրապետին ու ողջունի ձեզ եւ վկայի, որ բոլորս իրար եղբայրներ ենք»,- նշեց Սրբազան Հայրն իր խոսքում:
Ապա թափորի ուղեկցությամբ երկու կրոնապետերը վերադարձան Վեհարան, ուր տեղի ունեցավ երկու պատվիրակությունների հանդիպում: Հանդիպման ընթացքին Սիրիայի մուֆթին Նորին Սրբությանը փոխանցեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի ողջույններն ու բարեմաղթանքները:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսն շնորհակալություն հայտնեց այն հոգատար վերաբերմունքի համար, որ Սիրիայի նախագահի եւ նրա նախորդների կողմից մշտապես դրսեւորվել է հայ ազգի զավակների նկատմամբ: Նորին Սրբությունը ի դեմս շեյխ Հասսունի նաեւ շնորհակալություն հայտնեց Սիրիայի իշխանություններին եւ բոլոր կրոնապետերին, որ ամեն ճիգ ու ջանք ի գործ են դնում, որպեսզի եղբայրական սերն ուղեկից լինի Սիրիայում ապրող բոլոր ժողովուրդներին:
Հանդիպմանը կարեւորվեց նման փոխայցելությունների կազմակերպումը եւ միջկրոնական երկխոսության եւ համագործակցության խթանումը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան Գաբրիել Ջիարան եւ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի հավատարմատար դոկտ. Մուխլիս Ֆարաոնը: