«Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշան` Թոմ Սամուելյանին
Օգոստոսի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան հանձնեց տիար Թոմ Սամուելյանին` բարձր գնահատելով նրա ազգօգուտ ու եկեղեցաշեն արդյունաշատ վաստակը:
Շքանշանի հանձնման հանդիսությունը բացվեց Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի խոսքով, որն անդրադարձավ մեծարյալի կյանքի ստեղծագործական ուղուն եւ բեղուն գործունեությանը:
ԱՄՆ քաղաքացուն նման բարձր պատվի արժանացնելու համար Վեհափառ Հայրապետին իր շնորհակալությունն ուղղեց նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը, որ բարձր գնահատեց Թոմ Սամուելյանին` նշելով, որ նա այն մարդն է, որում իմացության եւ գործնական կյանքի աշխարհները միավորվում են:
Թոմ Սամուելյանի արժանիքները բարձր գնահատեց նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Համբարձումյանը` իր խոսքում ընդգծելով. «Մեր գրականությունը, մշակույթը եւ գիտությունը զարգացել եւ առաջընթաց են արձանագրել ճիշտ նման մարդկանցով: Թոմ Սամուելյանը մեր մշակույթի պայծառագույն ներկայացուցիչներից է»: Այնուհետեւ Ռաֆայել Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` մշակույթի ու գիտության գործիչների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ գնահատման համար:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը եւ ընթերցվեց Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից:
Կոնդակում բարձր է գնահատվում մեծարյալի ազգօգուտ բազմաբեղուն գործունեությունը, ով տասնամյակներ շարունակ պատաստակամ ոգով ծառայություն է մատուցել ԱՄՆ Արեւելյան Թեմի եկեղեցիներում, հայոց լեզու եւ գրականություն դասավանդել Ֆիլադելֆիայի, Նյու Յորքի եւ Բոստոնի ազգային կրթօջախներում եւ աշխուժորեն մասնակցել եւ արդյունավոր նպաստ բերել ամերիկահայ կյանքի առաջընթացին:
«...Հայրենի մեր Երկրի զորացմանն ու առաջընթացին Ձեր կարողությունները ներդնելու պատրաստակամությունը եւ մեր ժողովրդի զավակների ազգային եւ եկեղեցական կյանքը միշտ շեն ու պայծառ տեսնելու ազնիվ մղումը առաջնորդեց Ձեզ Հայրենիք, որտեղ Տիրոջ օրհնության ներքո շարունակում եք հարստացնել ազգօգուտ եւ եկեղեցաշեն Ձեր վաստակը: Ուրախությամբ է համակվում Հայրապետիս հոգին, որ ազգային մեր արժեքների ու ավանդների հանդեպ Ձեր հավատարմությունը մարմնավորվում է Ձեր բարի իրագործումներում` ի սպաս Քրիստոսասեր մեր ժողովրդի, Հայրենի Երկրի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:
Գնահատանքով ենք անդրադառնում նաեւ Ձեր գիտական, գրական-ստեղծագործական վաստակին: Շնորհիվ տարիների Ձեր բարեջան աշխատանքի ընթերցողի սեղանի վրա են Ձեր հեղինակած մենագրությունները, բառարանները, դասագրքերը, թարգմանական աշխատությունները, որոնք իրավամբ բերել են Ձեզ մտավորականի բարի համբավ ու ճանաչում: Ձեր թարգմանությունների միջոցով օտարներ եւ անգլիախոս հայորդիներ հնարավորություն ունեն ծանոթանալու այնպիսի կոթողային աշխատությունների, ինչպիսիք են Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութիւնը», Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոցը» եւ այլն»,- մասնավորաբար ասվում է Հայրապետական կոնդակում:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը տիար Սամուելյանի կուրծքը զարդարեց «Սբ. Սահակ- սբ. Մեսրոպ» շքանշանով:
Շքանշանի հանձնումից հետո տիար Սամուելյանը իր խորին երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար:
Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Վերհիշելով երջանկահիշատակ Վազգեն Ա-ի խոսքերը` «Աստված փնտրելու ճանապարհին ես գտա Սուրբ Էջմիածինը եւ իմ Հայրենիքը»` Նորին Սրբությունը ասաց. «Աստված փնտրելը մեր ժողովրդի կենսակերպն է եղել: Մեր ծնողք, իրենց զավակաց ձեռքը բռնած, նրանց մշտապես առաջնորդել են եկեղեցի, որպեսզի մանուկ հասակից այդ երեխան սովորի քայլել Աստծո ճանապարհի վրա, Աստված փնտրել եւ Աստծո ողորմած շնորհով գտնել Աստծուն, որովհետեւ ըմբռնել ու հաղորդ են դարձել այն մեծ խորհրդին, որ հայի ինքնության, գոյության, լինելիության երաշխիքն Աստծո հետ լինելու մեջ է կայանում»: Վեհափառ Հայրապետը նշեց, որ նույնը եղավ նաեւ Թոմ Սամուելյանի պարագային, ով աստվածորոնողության ճանապարհին դարձավ իր ժողովրդի երախտավոր զավակներից մեկը: Նորին Սրբությունը վերստին բարձր գնահատեց մեծարյալի` հայ ժողովրդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ արդյունաշատ գործունեության միջոցով ցուցաբերվող նվիրումը, սերն ու հավատարմությունը:
Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ «Հովեր» երգչախումբը` խմբավարությամբ Սոնա Հովհաննեսյանի: