Սբ. Պատարագի հրավեր Լեհաստանի հայությանը
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը, ով ուսումնառության նպատակով արդեն երեք ամիս է, ինչ գտնվում է Լեհաստանում, այսուհետ, ամիսը երկու անգամ, Սբ. Պատարագ կմատուցի Վարշավայի Սբ. Վասիլյանի եկեղեցում:
Առաջին պատարգը կմատուցվի նոյեմբերի 7-ին: Սբ. Պատարագի ավարտից հետո կկատարվի Հայրապետական մաղթանք` Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գահակալության 11-րդ տարեդարձի առիթով:
Նոյեմբերի 21-ին վարշավաբնակ հայերը կրկին հնարավորություն կունենան մասնակցելու սրբազան արարողության:
Դեկտեմբերի 5-ին մատուցվելիք Սբ. Պատարագի ավարտից հետո կկատարվի հոգեհանգիստ` Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի հետեւանքով զոհված հայորդիների համար: Եվս մեկ անգամ Սբ. Պատարագ կմատուցվի դեկտեմբերի 19-ին:
Հոգեշնորհ Հայր Սուրբն այս առիթով հրավեր է հղել Լեհաստանում բնակվող հայությանը. «Սիրելի° հայեր, Սուրբ Պատարագին մեր անմիջական մասնակցությամբ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար Մարմնի եւ Արյան, այսինքն` Հաղորդության ճաշակումով է, որ կարող ենք նորոգել մեր հոգեւոր հայրենիքը: Ակնկալում ենք հատկապես Վարշավայում բնակվող բոլոր հայերի ներկայությունը վերոհիշյալ օրերի Սուրբ Պատարագներին»: