Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 08.01.2007

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Փրկիչը եկավ ազատելու մարդուն չարի որոգայթներից, մեղքի ու մահվան կապանքներից եւ աստվածային Իր զորությամբ վերականգնելու նրան դրախտային երանական իր փառքի մեջ: Քրիստոս նոր կյանք բերեց աշխարհին` վերածնված, նորոգված հոգու կյանքը, որով մարդկությունը պիտի ընթանար դեպի Աստված»:

Հունվարի 6-ին աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սբ© Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը:

Նախորդ օրը` հունվարի 5-ին, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության ու բարեպաշտ հայորդիների, Մայր Աթոռ Սբ© Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սբ© Էջմիածնի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Պատարագից հետո կատարվեց նախատոնակ, հավարտ որի Նորին Սրբությունն ավետեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը: Արարողության ավարտից հետո Մայր Տաճարի բակը ողողվեց հարյուրավոր մոմերի լույսերով, որ հավատացյալները տանում էին իրենց հետ` լուսավորելու սեփական հարկերը Տիրոջ Սուրբ Ծննդյան կենարար լույսով:

Հունվարի 6-ին մեծ էր տոնական խանդավառությունը համայն հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սբ© Էջմիածնում: Միածնաէջ Մայր Տաճարում Հայրապետական Սբ© Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

խաչերով ու խաչվառներով զարդարուն հայրապետական թափորը «Խորհուրդ խորին» շարականի երգեցողությամբ եւ ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Հայրապետին առաջնորդեց դեպի Մայր Տաճար` Սուրբ Պատարագ մատուցելու եւ տոնի առիթով իր պատգամը հղելու համայն հայությանը:

Նորին Սրբությունն իր պատգամում հորդորեց ապրել սիրով` Արարչին ապավինած: «Արդարեւ, գիտատեխնիկական արդի նվաճումները, ժողովրդավարությունը, անհատի եւ ազգի իրավունքներն ու ազատությունները գերակա արժեքներ հռչակած գաղափարախոսությունները անբավարար եղան պատասխաններ տալու մարդկության առջեւ ծառացող խնդիրներին ու մարտահրավերներին եւ անբավարար պիտի լինեն, եթե Աստված չի բնակվում մեր մեջ, եթե Աստված չի գործում մեր կյանքում, եթե չի կարեւորվում հոգեւորը, հավատքն ու սրբությունը, այլ, նույնիսկ, ծաղրվում է: Ունայն պիտի լինեն խաղաղությանը, արդարությանն ու մարդասիրությանը ուղղված ջանքերը, եթե նախ Աստծո բարերար Կամքը եւ Փրկության Շնորհը չենք հայցում, միմյանց սիրելու աստվածադիր պատվիրանը չենք կատարում:

«Սէրը երբէք չի անհետանում, թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան, թէ լեզուներ, պիտի լռեն, թէ գիտութիւն, պիտի անցնի, քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում» (Ա Կորնթ. ԺԳ 8-9),– ասում է առաքյալը: Մարդկային ամեն գիտություն շատից քիչն է եւ ժամանակի մեջ փոխվել ու փոխվելու է, բայց սերն է, որ երբեք չի անհետանում, սերը միշտ նույնն է` կատարյալ, «չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ»: Մենք բոլորս` ազգեր եւ ժողովուրդներ, մեկ սուրբ եւ կենարար ժառանգություն ունենք` Աստծո սերը արարածներիս հանդեպ: Աստված սիրում է մեզ բոլորիս անկախ որեւէ պատկանելությունից, անկախ ազգությունից, համոզմունքից, սեռից ու տարիքից: Կատարյալ այդ սիրո վկայությունը Փրկչի Հայտնությունն է աշխարհում: Սիրո նույն ոգով առաջնորդվելով միայն մարդկությունը պիտի կարողանա նոր լինել` նորացնելով նաեւ աշխարհը: Մենք` քրիստոնյաներս, խոստումն ու հավատն ունենք, «եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է», - պատգամեց Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եղբայրական սիրո իր ողջույնները հղեց քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին, Հայաստանյայց Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին` Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին« Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ© Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին« Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ© Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին. հայրապետական իր օրհնությունն ու սերը հղեց մեր Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին: Նորին Սրբությունը Սուրբ Ծննդյան ավետիսով Հայրապետական իր ողջույնն ուղղեց ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին, հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

«.... աղոթենք Նորածին Փրկչի սնարի առջեւ, որ Իր ամենառատ շնորհներով նորոգվեն մարդկային հոգիները եւ ողորմության, խաղաղության, արդարության ու ճշմարիտ եղբայրսիրության ճանապարհներով ուղղորդվի ժողովուրդների կյանքը:

Հայցենք, որ Փրկիչ մեր Տերը հավատով զորացյալ պահպանի մեր ժողովրդին եւ օրհնի մեր գործերն ու ջանքերը` ի փառս Իր Սուրբ Անվան, ի սեր եւ ի բարօրություն հայրենի մեր երկրի ու աշխարհասփյուռ ազգիս եւ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու. ամեն»,- եզրափակեց Վեհափառ Հայրապետն իր պատգամը:

Հավարտ Սբ© Պատարագի Նորին Սրբությունը կատարեց Ջրօրհնեքի արարողություն` իբրեւ Քրիստոսի Մկրտության խորհրդանիշ: Այս տարի ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր վաստակավոր երգահան Տիգրան Մանսուրյանը:

Սբ© Պատարագին եւ Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ նախարարներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ« Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, գիտության ու մշակույթի նվիրյալներ:

Սրբազան Պատարագից հետո Վեհարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Լուսանկարներ
Լուսանկարներ II