«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնվեց Լեւոն Ահարոնյանին
Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայ Եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով պարգեւատրվեցին թեհրանաբնակ բարերարներ Տեր եւ Տիկին Լեւոն եւ Բելլա Ահարոնյանները` իրենց բարեսիրական բազմամյա արդյունաշատ ծառայությունների համար:
Հանդիսությանը բացման խոսք ասաց արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Այնուհետեւ «Էջմիածին ի Հօրէ» շարականի հնչյունների ներքո Վեհարանի դահլիճ բերվեց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Կոնդակում ասվում է. «Առ Աստված հավատով եւ առ հարազատ ժողովուրդը որդիական սիրով Դուք տարիներ շարունակ բարի ավանդ եք բերում մեր Հայրենիքի բարգավաճմանը, մասնավորաբար` մեր Երկրում կրթական գործի արդյունավորմանը: Ձեր ազնիվ հովանավորության շնորհիվ Հայաստանի տարբեր բնակավայրերում հազարավոր մատաղ հայորդիներ կրթություն են ստանում բարեկարգված դպրոցներում: Այս բարի իրագործումների արգասիքները Ձեզ իրավամբ արժանացրել են հայրենաբնակ բազմաթիվ հայորդյաց անկեղծ սիրուն ու երախտագիտությանը, որի վկայությունն է նաեւ ի պատիվ ազգանվեր հայորդուդ դպրոցի` Ձեր անունով վերակոչումը:
Առանձնակի գոհունակությամբ Մեր բարձր գնահատանքն ենք բերում Ձեզ նաեւ հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ համայն մեր ժողովրդի հոգեւոր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դրսեւորած որդիական սիրո ու նվիրումի համար: Տակավին Գարեգին Ա Ամենայն Հայոց երջանկահիշատակ Կաթողիկոսի գահակալության տարիներից Դուք գովարժան ծառայություն եք բերում ի նպաստ մեր Սուրբ Եկեղեցու շինության ու պայծառության, Մայր Աթոռին մատակարարելով մոմարտադրության անհրաժեշտ նյութերը: Արդարեւ, արժանի զավակն եք իրանահայ ավանդաշատ գաղութի, որ բազմադարյա իր պատմության ընթացքին մշտապես գործերով է վկայել իր սերն ու անխախտ հավատարմությունը` հանդեպ Հայրենի մեր Երկիրը, մեր Սուրբ Եկեղեցին եւ լուսո խորան Սուրբ Էջմիածինը»:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը երախտաշատ ամոլի կրծքին ամրացրեց շքանշանը:
Տիար Ահարոնյանն երխտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար, նշեց. «Մեր ազգի գոյատեւումը երեք բանի հետ է կապված. մեր կրոնը, մեր մշակույթը եւ մեր լեզուն: Իմ հասկացողությամբ ամեն մի հայ պետք է աջակցի, որ այս երեք սյուները ուժեղ եւ կայուն լինեն»:
Հանդիսությունը եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքի խոսքով` ուղղված Լեւոն եւ Բելլա Ահարոնյաններին: Նորին Սրբությունը, իր բարձր գնահատանքը հայտնելով հանդեպ նրանց, ի մասնավորի ասաց. «Աստծո ողորմությունն ու շնորհը քեզ հետ պետք է լինի, որպեսզի կարողանաս բարեգործ լինելու բարձր անունը, այդ բարձր պատիվը եւ այդ բարձր շնորհը ստանալ Աստծուց եւ քեզ շրջապատող անձանցից: Այսօր Տեր եւ Տիկին Լեւոն եւ Բելլա Ահարոնյանները ազգային բարերարներ են` ըստ արժանվույն»:
Հանդիսության ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան «Նոր անուններ» մանկապատանեկան համույթի տաղանդաշատ սաները: