«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Կառլոս Պետրոսյանին
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց տիար Կառլոս Պետրոսյանին` բարձր գնահատելով նրա ազգօգուտ եւ եկեղեցաշեն վաստակը:
Շքանշանի հանձնման արարողությանը բացման խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այնուհետեւ Սբ. Գայանե վանքի վանահայր Տ. Մակար աբեղա Հակոբյանը ներկայացրեց տիար Պետրոսյանի կողմից Սբ. Գայանե վանքի բարեկարգմանը բերած բարեգործական վաստակը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:
Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «....Անձնապես ճանաչում ենք հավատավոր հայորդուդ եւ ծանոթ ենք Ձեր բարի գործերին: Հատկապես մեր երկրի անկախությունից հետո Դուք կարեւոր ավանդ եք բերում Հայաստանի արդյունաբերության վերականգնմանն ու զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը` արժանանալով մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին: Այսօր առիթ ունենք անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին, որ արտահայտությունն են առ Աստված Ձեր անկեղծ հավատի: Դուք սիրով հանձն առաք Սուրբ Գայանե վանքի բարեզարդման եւ ջեռուցման համակարգի տեղադրման հովանավորությունը` հավերժացնելով Ձեր անունը որպես վաղ միջնադարյան այդ շքեղակառույց վանքի բարերար:
Գոհունակություն է Մեզ համար, որ զորավոր է մեր ժողովրդի զավակների նախանձախնդրությունը հնագոյն մեր սրբավայրերի պահպանության նկատմամբ, որոնք դարեր շարունակ աստվածային օրհնություն են սփռում նվիրական մեր հողին: Ձեր գործերը բարի օրինակ են մեր ժողովրդի զավակաց համար` իրենց արդար վաստակը ծառայեցնելու ի նպաստ եկեղեցաշեն ու հայրենաշեն` «գրոյ յիշատակի արժանի» գործերի»:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Շքանշանի հանձնումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհակալական խոսքով դիմեց պրն. Պետրոսյանը` ընդգծելով, որ Վեհափառ Հայրապետի կողմից հանձնված շքանշանն իր համար աշխարհում բարձրագույն պարգեւն է, եւ արտահայտեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մշտապես ծառայելու իր պատրաստակամությունը:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով մեծարյալի` առ Հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին բերած ծառայություններին, գոհունակություն հայտնեց, որ առիթը ներկայացավ գնահատանք հայտնելու տիար Կառլոս Պետրոսյանին` նրա վաստակի դիմաց: «Ձեր կուրծքը զարդարում է պարգեւը մի հաստատության, որ երկու հազար տարվա պատմություն ունի, որ երկու հազար տարի քայլում է մեր ժողովրդի հետ, առաջնորդում է մեր ժողովրդին եւ մեր ժողովրդի ինքնության լավագույն արժեքները, լավագույն ավանդները ոչ միայն կրում է, պահպանում, այլ նաեւ` ծնում եւ արարում: Եվ այդ պարգեւն այսօր ներկայացնում է եւ° գնահատականը մեր հայրերի, որոնք երկու հազար տարի տքնել են ի սեր Քրիստոսի եւ ի սեր այս Եկեղեցու, իրենց կյանքն են զոհաբերել այս Եկեղեցու պայծառության ու շինության համար, եւ° գնահատականը գալիք սերնդի: Եկող սերունդն էլ պիտի օրհնությամբ հիշի այսօրվա բարերարներին ու նվիրատուներին, որոնց աշխատանքի ազնիվ վաստակով շեն ու պայծառ է պահպանվում Հայոց երկիրը, Հայոց Եկեղեցին, հայոց կյանքը», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` ընգծելով, որ գնահատվում է ոչ թե պարզապես բերված ավանդի նյութական արժեքը, այլ նվիրումի ոգին` մեր Եկեղեցուն, մեր ժողովրդին, մեր Հայրենիքին:
Հանդիսությունը փակվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: