«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան` տեր եւ տիկին Պետրոս եւ Աննա Օրունջաքճիելներին

Սեպտեմբերի 3-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց տեր եւ տիկին Պետրոս եւ Աննա Օրունջաքճիելներին`բարձր գնահատելով հավատավոր իրենց ոգու, ազգանվեր ու եկեղեցաշեն արդյունավոր ծառայությունների համար:

Շքանշանի հանձնման արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի խոսքով: «...Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եկեղեցիների մայրն է: Այստեղ է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը գեղեցիկ տեսիլքն ունեցավ: Աստվածորդին այստեղ է, որ իջավ եւ հիմնեց «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ», լույսի խորանն այստեղ հիմնվեց: Եվ մենք տեսնում ենք, որ մեր ազգի զավակներ 20 դար հետո եւս պիտի գան իրենց օգնությունը տալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի Հայոց Հայրապետությունը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավերժական լինեն»,- նշեց Սրբազան Հայրը` մեծազնիվ բարերարներին բարի գալուստ մաղթելով Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռի միաբան սարկավագների կողմից «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը եւ ընթերցվեց Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից:

«ԱՄՆ Հայոց Արեւմտjան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի միջոցով քաջածանոթ ենք Ձեր աստվածահաճո գործերին: Տարիներ շարունակ Դուք գնահատելի մասնակցություն եք բերում ամերիկահայության կյանքին, ազնիվ բարերարություններով սատարում ազգային հաստատությունների, Տիրախնամ Թեմի եւ Պոլսահայ Միության կողմից իրականացվող ծրագրերին: Ազգային մեր կյանքը եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխույժ ու կազմակերպված, միշտ շեն ու պայծառ տեսնելու նախանձախնդրությունը եւ զոհողության պատրաստակամությունը ճանաչում ու հարգանք են բերել Ձեզ, ինչին Մենք գոհունակությամբ հաղորդ դաձանք Արեւմտյան Թեմ կատարած Հովվապետական Մեր վերջին այցելության ընթացքին:

Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ նաեւ Ձեր ջերմ զգացումների ու որդիական սիրո համար` հանդեպ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը: Սուրբ Էջմիածնին կատարած Ձեր ազնիվ նվիրատվությունը մեծապես պիտի նպաստի Քրիստոսահիմն եւ լուսավորչապսակ Մայր Աթոռի շինությանն ու պայծառությանը, Հայրենի մեր երկրում հոգեւոր կյանքի վերազարթոնքին: Գոհաբանական աղոթքն է Մեր հոգում, որ ազգս հայոց օրհնված է Ձեզ պես բարեգործ զավակներով, ովքեր միշտ պատրաստակամ են իրենց օգտակարությունը եւ հնարավոր աջակցությունը բերելու մեր ժողովրդին եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն»,- ասվում է Հայրապետական կոնդակում:

Ապա Նորին Սրբությունը բարեպաշտ ամոլին հանձնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան` ի գնահատություն ազգային-եկեղեցական կեանքում իրենց բազում իրագործումների:

Մեծարյալ ամուսիններին շնորհավորեց եւ իր սրտի բարեմաղթանքներն ուղղեց նաեւ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը: «Բարերարությունը դրամի հետ կապված բան չէ. այլ սրտի, հավատքի, ժողովրդի բարձր թռիչքների, երազների իրականացման նկատմամբ ապրումների»,- նշեց Սրբազանը:

Արարողության ավարտին իր օրհնության ու գնահատանաց պատգամը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «...Փառապանծ ազգը կերտողները մեր նվիրյալ զավակներն են, ձեզ պես զավակները, որոնք գիտեն իրենց վաստակը, աշխատանքը, իրենց տաղանդը, ձիրքը, շնորհը ընծայաբերել ազգին, նվիրել Հայրենիքին, ժողովրդին եւ փառավոր դարձնել Հայրենիքի անունը, ժողովրդի անունը:

...Ես ուրախ եմ անչափ, որովհետեւ արժանավոր զավակներն եք մեր եկեղեցու, իրապես Ավետարանի ոգով ձեր անձը կրթած զավակներ, որ չգիտեք տարփողել ձեր կատարած աշխատանքը: Զերծ է, հեռու է ձեզանից ցուցադրականությունը, համեստորեն, խոնարհ կերպով կատարում եք այն, ինչ որ պարտավոր եք անել` որպես հոգու պահանջ ազգի, Հայրենիքի եւ մայր Եկեղեցու համար»,-ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում` մաղթելով, որ Տերը օրհնի իրենց կյանքը երկնատուր բարիքներով եւ գործոց հարանորոգ հաջողություններով: