Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունիսի 3-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ պատարագիչ Մարկոս Սրբազանի, սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ութ սաներ, ովքեր հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները:
Նորընծա սարկավագներին ուղղված իր պատգամում Սրբազան Հայրը հորդորեց լավագույնս արժեւորել այն մեծագույն առաքելությունը, որին կոչվում են նրանք` դառնալու Քրիստոսի քաղցր լուծի կրողներ: Գերաշնորհ Սրբազանը կարեւորեց այդ առաքելության իրագործումը սիրով ու հավատքով` իբրեւ Տիրոջն արժանի մշակներ:
Սուրբ Պատարագից հետո Վեհարանի հարկի ներքո նորընծա սարկավագներին իր հայրական օրհնությունն ու պատգամը տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: