Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնը£ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կատարեց Գևորգյան Հոգևոր ճեմարանի 29 սաների, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի և Արագածոտնի թեմի երկու սպասավորների սարկավագական ձեռնադրությունը:
Ձեռնադրությունից հետո խոսած իր քարոզում ձեռնադրող Սրբազան Հայրը տոնի առթիվ շնորհավորեց նորընծաներին և Մայր Աթոռի սարկավագաց ողջ դասին: Ապա անդրադառնալով ձեռնադրությանըª Մուշեղ Սրբազանը նշեց. ՙ...Այսօր 31 ճեմարանավարտ դպիրներ իրենց ծունկերը իջեցրեցին Իջման Ս. Սեղանի առաջ և ծնրադիր առաջնորդվեցին Ս. Խորան, որպեսզի, Տիրոջ խոսքի համեմատ, սպասավորները լինեն այդ Սուրբ Եկեղեցու, քարոզեն Աստծո խոսքն ու սպասավորեն Ս. Սեղանին: Այս պահին ամենքս աղոթք բարձրացնենք առ Աստված և խնդրենք, որ այն շնորհները, որ հեղվեցին 31 սարկավագների վրա, ուղեկից լինեն նրանց կյանքի օրերին, և կամոքն Աստուծո` նրանք մեկ օր էլ արժանի լինեն քահանայության շնորհին, որպեսզի Ս. Սեղանին սպասավորելով ի վիճակի լինեն Տիրոջ մարմինն ու արյունը փոխակերպել Տիրոջ օրհնությամբ և բաշխել նրանց համար աղոթք բարձրացրած հավատացյալներին՚: Սրբազան հայրը նաև հորդորեց նորընծա սարկավագներին, հոգևոր կյանքում Ս. Ստեփանոսի օրինակն ունենալով, ամբողջովին նվիրվել Առաքելական Եկեղեցու ու նրա հավատավոր ժողովրդի սպասավորությանը:
Տոնի առիթով Մայր Աթոռի բոլոր սարկավագներին Հայրապետական իր օրհնությունն ու հայրական պատգամը բաշխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով սարկավագներին Ս. Ստեփանոսի տոնի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ս. Ստեփանոսի կերպարին` նշելով, որ անմնացորդ ծառայանվիրումի լավագույն օրինակն է այսօր ներկայանում հոգևոր սպասավորներին հանձին Ստեփանոս Նախավկայի, ով իր կյանքն ընծայաբերեց և արիաբար հանդես եկավ Քրիստոսի Ավետարանի, վարդապետության պաշտպանությամբ, իր խոսքով վկայեց Քրիստոսի կյանքի ճշմարտությունը և չտարակուսեց զոհաբերել իր կյանքը:
ՙԱյդպիսի անձերն են, որ կերտում են փառքը Քրիստոսի Եկեղեցու` նաև արժանանալով Տիրոջ ողորմությանը... Մենք կարող ենք մարտիրոսության պսակը կրել մեր աշխատանքով ու նվիրումով, մեր ջանասեր և նախանձախնդիր գործունեությամբ, մեր վարքով ու բարքով. Եկեղեցին այդպիսի նվիրյալների պետք ունի՚, ասաց Նորին Սրբությունը` մաղթելով երիտասարդներին, որ Նախասարկավագի օրինակը ներշնչող լինի նրանց հոգևոր առաքելության ճանապարհին և մշտապես արժանավոր անձեր լինեն Եկեղեցու անդաստանի մեջ` գնահատված, սիրված ու մեծարված ժողովրդի կողմից: Վերստին իր օրհնությունը տալով Մայր Աթոռի սարկավագաց դասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց, որ Մայր Աթոռի սարկավագներն իրենց ազնիվ պահվածքով, ինչպես նաև գիտելիքներով ու ծառայությամբ իրապես փառավորում են Հայոց Եկեղեցու անունը և հավելում են ժողովրդի հարգանքն ու սերը դեպի Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 136 սարկավագներ, որոնցից 86-ը` միաբանության շարքերում, իսկ 50-ը` Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: