Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Տոնական տրամադրությունը կրկնապատկվեց նաեւ սարկավագական ձեռնադրությամբ: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սբ. Պատարագի ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կատարեց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի 18 սաների սարկավագական ձեռնադրությունը:
Ս. Պատարագի ընթացքում ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` տոնի առթիվ շնորհավորելով սարկավագաց դասին եւ անդրադառնալով սարկավագության աստիճանի կարեւորությանն ու սարկավագի պարտականություններին: Ապա դիմելով նորընծաներին` Սահակ Սրբազանն ասաց. «Սիրելի° նոր ձեռնադրված սարկավագներ, այսօր դուք մուտք գործեցիք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանից ներս: Չգիտեմ, թե Դուք ի°նչ եք մտածում այս պահին կամ ի°նչ եք սպասում Եկեղեցուց եւ մեզանից: Եթե սպասում եք փառք եւ նյութական հարստություն, ապա սխալվում եք: Ձեզ այստեղ սպասվում է զոհողություն եւ սպասավորություն: Ի մտի պիտի ունենաք, որ ինչքան հոգեւոր աստիճանները բարձրանում են, այնքան յուրաքանչյուրից պահանջվում է առավել զոհողություն եւ առավել պարտավորություն»: Սրբազան Հայրը նորընծաներին հորդորեց նաեւ անմնացորդ սիրով եւ նվիրումով լծվել իրենց ծառայությանը` ի զորացումն եւ պայծառություն Հայ Եկեղեցու եւ ի մխիթարություն մեր ժողովրդի:
Տոնի առիթով Մայր Աթոռի բոլոր սարկավագներին Հայրապետական իր օրհնությունն ու հայրական պատգամը բաշխեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերում սպասավորում են շուրջ 140 սարկավագներ, ովքեր ծառայում են Մայր Աթոռի տարբեր կառույցներում եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում: