Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Տոնի օրը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սբ. Պատարագի ընթացքում ձեռամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի կատարվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 14 սաների սարկավագական ձեռնադրությունը:
Ս. Պատարագի ընթացքում ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով սարկավագության աստիճանի կարեւորությանն ու սարկավագի պարտականություններին: Դիմելով նորընծաներին` Արարատ Սրբազանն ասաց. «Սիրելի° նոր ձեռնադրված սարկավագներ, այսօր մուտք գործեցիք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանից ներս: Չգիտեմ, թե Դուք ի°նչ եք մտածում այս պահին կամ ի°նչ եք սպասում Եկեղեցուց եւ մեզանից: Եթե սպասում եք փառք եւ նյութական հարստություն, ապա սխալվում եք: Ձեզ այստեղ սպասվում է զոհողություն եւ սպասավորություն: Ի մտի պիտի ունենաք, որ ինչքան հոգեւոր աստիճանները բարձրանում են, այնքան յուրաքանչյուրից պահանջվում է առավել զոհողություն եւ առավել պարտավորություն»: Սրբազան Հայրը նորընծաներին հորդորեց նաեւ անմնացորդ սիրով եւ նվիրումով լծվել իրենց ծառայությանը` ի զորացումն Հայ Եկեղեցու եւ ի մխիթարություն մեր ժողովրդի:
Սբ. Պատարագից հետո Վեհարանում Մայր Աթոռի բոլոր սարկավագներին Հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բաշխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Ցեղասպանությունից, ապա խորհրդային իշխանության ծանր ու դժվարին տարիներից հետո նոսրացած հոգեւորականների շարքերն օրեցօր վերստին համալրվում են նորանոր սպասավորներով` նոր շունչ եւ ավյուն հաղորդելով Հայաստանյայց Եկեղեցու առաքելությանը մեր ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը նաեւ պատգամեց Մայր Աթոռի սարկավագաց դասին առավել նախանձախնդրությամբ եւ պատասխանատվությամբ շարունակել իրենց սպասավորությունը Հայ Եկեղեցու անդաստանում:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերում սպասավորում են 110 սարկավագներ, ովքեր ծառայության են կոչված Մայր Աթոռի տարբեր կառույցներում եւ Հայ Եկեղեցու թեմերում: