Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Դեկտեմբերի 24-ին` Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հընթացս Ս. Պատարագի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ 40 սարկավագների ձեռնադրություն:
Նախորդ օրը` Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում տեղի էր ունեցել կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության հանդիսավոր արարողությունը:
Ս.Պատարագի ընթացքում, ձեռամբ Մայր Աթոռի Միջեկեղացական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե. լսարանի 22 սաներ, Քահանայից պատրաստման լսարանի 17 ուսանողներ և Սյունյաց թեմից մեկ սպասավոր արժանացան սարկավագության աստիճանի:
Ձեռնադրության հանդիսավոր արարողության ավարտին Սրբազան Հայրը տոնի առթիվ շնորհավորեց նորընծաներին և Մայր Աթոռի ողջ սարկավագաց դասին: Անդրադառնալով սարկավագական կոչմանն ու ծառայությանը` Հովակիմ Սրբազանը մասնավոր կերպով ընդգծեց, որ Ս. Ստեփանոսի տոնն իր հստակ ու
խորը պատգամն ունի` ուղղված բոլոր սարկավագներին` անձնազոհաբար ծառայելու մեր Մայր Եկեղեցուն և հայ ժողովրդին: Այնուհետև Սրբազան հայրը հորդորեց նորընծաներին հանձնառություն ունենալ կենդանի հավատքի նահատակության:
Ս. Պատարագից հետո Մայր Աթոռի բոլոր սարկավագներին և նորընծաներին իր հայրապետական օրհնությունը բաշխեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տոնի առիթով շնորհավորելով սարկավագներին` Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց կյանքի դժվարությունների առջև չերկնչել, ամուր մնալ հավատքի մեջ, կյանքն ապրել նվիրումով ու հանձնառությամբ, իբրև հոգևոր սպասավորներ ունենալ նաև նահատակության բարձր գիտակցություն:
Նորին Սրբությունն հայրապետական իր սերն ու գնահատանքը բերեց սարկավագներին` մաղթելով հաջողություններ իրենց եկեղեցական սպասավորության մեջ: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սարկավագները հույս և լավատեսություն են ներշնչում Եկեղեցու վաղվա օրվա հանդեպ: