ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունիսի 19-ին, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հաստատման 300-ամյակի տոնախմբությունների շրջանակներում, Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում, Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Հայ ազգային մշակութային ինքնավարության ջանքերով տեղի ունեցավ հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացումը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Սանկտ Պետերբուրգի Հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանը եւ այլք:
Բացման խոսքով հանդես եկավ Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Անտոն Լիխոմանովը: Նա, ողջունելով ՀՀ նախագահի այցը, ներկաներին շնորհավորական խոսք հղեց հայ համայնքի հաստատման 300-ամյակի առթիվ, ապա պատմեց գրքերի հայկական հավաքածուի ստեղծման, Սանկտ Պետերբուրգում նախորդ երեք դարերի ընթացքում գործած հայկական տպագրատների եւ լույս տեսած հայալեզու պարբերականների մասին: Նաեւ ներկաներին տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է հայալեզու գրքերի էլեկտրոնային քարտադարանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի եւ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տ. Նշան աբեղա Պետրոսյանը, Հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանը:
Ազգային գրադարանում պահպանվում են 100-ից ավելի հայերեն ձեռագրեր եւ մոտ 64 000 տպագիր գրքեր, ամսագրեր եւ քարտեզներ: Այստեղ պահպանվող ամենահին ձեռագիրը
՝ քառավետարանի հատվածը, վերագրվում է 11-12-րդ դարերին:Այնուհետեւ հայ համայնքի ներկայացուցիչներն ու հյուրերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ այցելեցին Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարան: Համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովը ներկաներին պատմեց համալսարանի կայացման գործում հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին:
Հանդիպման ընթացքում Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ ստորագրվեց համագործակցության ծրագիր, ինչպես նաեւ համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում կատարվեց Վիկտոր Համբարձումյանի եւ Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողությունը: Բարձրաստիճան հյուրերը եղան նաեւ Հովսեփ Օրբելու առաջիկայում կառուցվելիք հուշարձանի հիմնաքարի մոտ:
Սանկտ Պետերբուրգի պետհամալսարան կատարած այցից հետո ՀՀ նախագահն այցելեց Սբ. Կատարինե եկեղեցի: Եկեղեցու մուտքի առջեւ նախագահին դիմավորեցին հոգեւորականաց դասը
՝ Առաջնորդ Սրբազան Հոր գլխավորությամբ, Եկեղեցական խորհրդի ատենապետը, համայնքի ներկայացուցիչներ ու բազում հայորդիներ: Եկեղեցում գոհաբանական աղոթք վերառաքելուց հետո Եզրաս սրբազանը նախագահ Սարգսյանին ներկայացրեց եկեղեցու եւ եկեղեցապատկան շինությունների վերանորոգման, համայնքային կառույցների գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին:Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ լրատվական կենտրոն
21.06.2010