Ռուսահայոց թեմում կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեք
Հունիսի 9-ին Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Յակուտսկ քաղաքում Թեմակալ Առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն:
Հիմնարկեքի ընթացքում Թեմակալ Առաջնորդը Տ. Հակոբ քահանա Սարոյանի հետ սրբալույս մյուռոնով օծեց տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը զետեղեցին աղոթատան հիմքերում:
Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի հավատավոր հայորդիների բարերարությամբ:
Մեծաթիվ համայնքի հոգեւոր պահանջները բավարարելու համար դեռեւս 2001 թվականին Հայաստանից բերվել եւ ռուսական եկեղեցու բակում տեղադրվել էր մի խաչքար:Սակայն աղոթքի կանգնելու, եկեղեցու սրբազան արարողություններն ու խորհուրդներն իրականացնելու համար անհրաժեշտ էր կառուցել աղոթատուն:
Հիմնօրհնեքի արարողությունից հետո Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց ներկաներին եւ հույս հայտնեց, որ նորակառույց եկեղեցին դառնալու է համախմբող, օրհնություն պարգեւող օրրան:
-Աստծո կամքով եւ միասնական աղոթքով այսօր կատարեցինք նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ձեր ներկայությունը եւ նախաձեռնած գործը խոսուն վկայությունն է մեր Սուրբ Եկեղեցու շուրջ ձեր համախմբվածության, պապերից ժառանգած նվիրական արժեքների նկատմամբ ձեր հավատարմության: Հայրենիքից հեռու այս երկրամասում կառուցելով ձեր հոգեւոր տունը, որից ճառագվող կենդանարար լույսը պիտի օրհնաբեր կյանք պարգեւի ձեզ եւ ձեր զավակներին, դուք մեկ անգամ եւս հաստատում եք Առաքել Դավրիժեցու խոսքերը` «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի Ամենայն Ազգն Հայոց կապեալ կան»: Լինելով Աստվածասեր ու հայրենասեր հայորդիներ, դուք նաեւ արժանի եւ ազնիվ զավակներն եք ձեր երկրորդ հայրենիքի: Այսօրվա ուրախությունն ու ձեռքբերումը, որ շնորհ է ու պարգեւ մեզ Բարձրյալից, արդյունք է նաեւ այն աստվածահաճո վերաբերմունքի, որ դրսեւորում են ՌԴ իշխանությունները` խղճի եւ կրոնի ազատության, հոգեւոր զարթոնքի ծիրում:
Աստծո օրհնությունը ձեզ, ապրեք համերաշխ և խաղաղ` միշտ արթուն պահելով ձեր հոգիներում եկեղեցասիրության ոգին,- իր խոսքում ասաց Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:
Հայաստանից բերված տուֆ քարով կառուցվող եկեղեցու շինարարարական աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել նաեւ մշակութային կենտրոն: Արդեն մի քանի տարի է բարեհաջող լույս է տեսնում քաղաքի միակ հայկական պարբերականը`«Արմյանսկի վեստնիկ» թերթը:
Հեռավոր Յակուտիայում հայերն ապրում են դեռևս 1800-ական թվականներից: Նրանց թիվն այսօր հասնում է հինգ հազարի: Այստեղ հայերն հիմնականում զբաղվում են շինարարությամբ: