Ռումինիայի Սիբիու քաղաքում բացվեց Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարը
Սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում տեղի ունեցավ Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարի պաշտոնական բացումը:
Նախ մասնակիցները լռությամբ հարգեցին Ռումին Ուղղափառ Եկեղեցու հովվապետ երջանկահիշատակ Թեոկտիստ պատրիարքի հիշատակը: Ապա կատարվեց աղոթքի էկումենիկ արարողություն, որի ընթացքում տարբեր լեզուներով հնչեցին աղոթքներ, Սուրբգրային ընթերցվածքներ եւ հոգեւոր օրհներգեր:
Աղոթասացության ընթացքին Տիեզերական պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ն իր խորհրդածությունները փոխանցեց համագումարի հսկայական վրանի ներքո հավաքված 2500 պատվիրակներին ու բազմաթիվ դիտորդներին: Տիեզերական Պատրիարքն իր խոսքում անդրադարձավ Եկեղեցիների առաքելությանը Եվրոպայի ապագայի կերտման, մարդ արարածի առջեւ ծառացած մարտահրավերների եւ ընկերային կյանքում առաջ եկած խնդիրների հաղթահարման գործում, ինչպես նաեւ Եկեղեցիների միջեւ հաղորդության եւ քրիստոնեական միության վերականգնման անհրաժեշտությանը: Պատրիարքի ակնկալությունն էր, որ Էկումենիկ այս համագումարն իր դրական եզրահանգումներով եւ քայլերով նպաստի նշյալ նպատակների իրագործմանը եւ կհարթի Եկեղեցիների տարաձայնությունները էկումենիկ շարժման նպատակայնության խնդրում, ինչպես նաեւ Եկեղեցիները` լուսավորված Քրիստոսի լույսով, համաձայնության կգան քրիստոնեական միության ընդունելի սահմանման եւ կերպի շուրջ:
Բացման արարողությունն սկսվեց Ռումինիայի նախագահ տիար Տրայան Բասեսկուի ողջույնի խոսքով: Համաեվրոպական էկումենիկ առաջին եւ երկրորդ համագումարների (Բազիլ, Շվեցարիա - 1987թ. եւ Գրաց, Ավստրիա - 1997թ.) մասին «Բազլից մինչեւ Սիբիու» ֆիլմի ցուցադրումից հետո համագումարին իրենց ուղերձները հղեցին Եվրոպայի կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդի նախագահ կարդինալ Պիտեր Էրդյոն եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահ վեր. Ժան Արնոլդ դե Կլերմոնտը:
Համագումարին ողջունեցին Ռումինիայի տեղական եկեղեցիների ներկայացուցիչները` Ռումին Եկեղեցու պատրիարքական տեղապահ, Մոլդովայի եւ Բուկովինայի միտրոպոլիտ Դանիելը, Բուխարեստի կաթոլիկ արքեպիսկոպոս Իոան Ռոբուն եւ Ռումինիայի բարենորոգչական եկեղեցու եպիսկոպոս Լացլո Տյոկեզը:
Համագումարի առաջին օրը նվիրված է «Քրիտոսի Լույսը եւ Եկեղեցին» թեմային: Օրվա թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկան Քրիստոնեական միության խրախուսման պապական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը, Մոսկվայի Պատրիարքության Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը եւ Գերմանիայի բողոքական եկեղեցիների միության նախագահ եպիսկոպոս Վոլֆգանգ Հյուբերը: Կեսօրից հետո տեղի ունեցան խմբակային քննարկումներ «Միություն», «Ոգեղենություն» եւ «Վկայություն» թեմաներով: