Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյանը
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնությամբ հաստատել է սեպտեմբերի 21-ին Ռումինիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովի կողմից Ռումինիայի թեմի առաջնորդ ընտրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հոլանդիայի հայոց հոգեւոր հովիվ Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյանի ընտրությունը:
Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյանը ծնվել 1966 թ. հուլիս 7-ին Իրաքի Մուսուլ քաղաքում (ավազանի անունը
՝ Հրաչ):1972-1979 թթ. սովորել է Բաղդադի միջնակարգ դպրոցում:
1979-1986 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանում: 1986 թ. փետրվարի 14-ին Ս. Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ
՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:1986-1987 թթ. գործուղվել է Իրաքի հայոց թեմ
՝ որպես սարկավագ:1988 թ. մարտի 10-ին Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանում պաշտպանել է ավարտաճառը «Եվսեբիոս Կեսարացին հայ մատենագրության մեջ» թեմայով եւ արժանացել գերազանց գնահատականի:
1988-1990 թթ. ԵՀԽ հովանավորությամբ սովորել է Ժնեւի համալսարանում: Միեւնույնժամանակ ծառայել է Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցում որպես քարտուղար եւ սարկավագ, դասավանդել է կիրակնօրյա դպրոցում: Հիմնել է Շվեցարահայ Երտասարդաց Միությունը:
1990-1992 թթ. ծառայել է Հոլանդիայի Ս. Հոգի եկեղեցում որպես քարտուղար, սարկավագ, խորհրդատու եկեղեցական վարչության, հիմնել է կիրակնօրյա վարժարան:
1993 թ. փետրվարի 18-ին ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, սպասավորել է իբրեւ հոգեւոր հովիվ, դասավանդել է քրիստոնեական կրոն Բաղդադի «Սրբոց Թարգմանչաց» Հայ Եկեղեցասիրաց Կազմակերպությունում եւ կիրակնօրյա վարժարաններում:
1993-1996 թթ. հոդվածներով հանդես է եկել «Լրաբեր» եւ«Ձայն» իրաքահայ ամսագրերում:
1996-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին նշանակվել է Պոլսի Հայոց Պատրիարքարանի «Լրաբեր» շաբաթաթերթի խմբագրության անդամ եւ հանդես է եկել մի շարք հոդվածներով:
1996-1997 թթ.-ի հրավիրվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, ծառայել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, դասախոսել է Էջմիածնի կիրակնօրյա վարժարաններում, Կրոնի ուսուցիչների վերապատրաստման լսարաններում, քարոզներով հանդես է եկել Հայաստանի Պետական հեռուստատեսութեամբ «Սիրեցէք զմիմեանս» եւ «Խորան Լուսոյ» հաղորդաշարերով, ինչպես նաեւ ձայնասփյուռով:
1997 թ.-ի սեպտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Հայրապետի հովանավորությամբ նշանակվել է Լուար նահանգի Սենթ-Էթիենի ու շրջանի հայոց հոգեւոր հովիվ:
1997-1998 թթ. ուսանել է ֆրանսերեն լեզու եւ գրականություն Սենթ-Էթիենի Ժան Մոնե համալսարանում :
1997-2004 թթ. Սենթ-Էթիենի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հիմնել է «Թարգմանչաց» երգչախումբ, կիրակնօրյա վարժարան, Տիկնանց եկեղեցասեր հանձնախումբ, հայոց լեզվի դասարաններ երտասարդության համար եւ «Հայ Լուար մաքազին» եռամսյա թերթը:
2000-2004 թթ. հանդես է եկել Սենթ-Էթիենի Կաթոլիկ Եկեղեցու RCF ռադիոկայանի Հայ Եկեղեցու մասին հաղորդաշարերով:
1999 թ. պաշտպանել է իր վարդապետական թեզը «Մատաղը հայ աստուածաբանության մեջ» թեմայով Լիոնի համալսարանի հայագիտական բաժնում եւ սեպտ. 12-ին ստացել է վարդապետական աստիճան, ձեռամբ Տ. Նորվան եպիսկոպոս Զագարյանի Լիոնի Ս. Հակոբ եկեղեցում:
2004 թ. ապրիլին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Հոլանդիայի Հայոց հոգեւոր հովիվ:
2004-2010 թթ. հիմնել է Հոլանդիայում հինգ եկեղեցական ծուխեր
՝ Արնհեմ, Տոտրեխդ, Ասսըն, Այնթհովեն եւ Մաստրիխդ քաղաքներում, ինչպես նաեւ Ալմելոյի «Գեղարդ» երգչախումբը, կիրակնօրյա վարժարանը, Սուրբ Գրոց Լսարանը եւ Հայ Եկեղեցասիրաց Կազմակերպությունը ( VAJA ):2007 թ. հոկտեմբեր 14-ին կատարել է Ամստերդամի Հայ Եկեղեցասիրաց Կազմակերպության ( AYO ) բացումը:
2008 թ. Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ վերանորոգել է հայոց հինավուրց Սուրբ Հոգի եկեղեցին:
2010 թ. Ամստերդամի վարչության նախաձեռնությամբ կանգնեցրել է Ամստերդամի Տիմըն գերեզմանոցի մեջ խաչքար-հուշարձան` նվիրված Հայոց Նահատակների հիշատակին: Հրատարակել է Հոլանդիայի Հայոց Հոգեւոր Հովվության պատկերազարդ եկեղեցական օրացույցը եւ կազմակերպել է սուրբ Պատարագի թարգմանությունը հոլանդերենի:
Հրատարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, սփյուրքահայ մամուլում մի շարք հրապարակումների հեղինակ է: