«Ռենովաբիսի» 13-րդ միջազգային համաժողովը Գերմանիայում
Սեպտեմբերի 3-ից 5-ը, Գերմանիայի Ֆրեյզինգ քաղաքում տեղի կունենա «Ռենովաբիս» կազմակերպության 13-րդ միջազգային համաժողով «Փնտրել միություն, պահպանել բազմազանություն. Էկումենիկ երկխոսությունն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» թեմայով: «Ռենովաբիսը» բարեգործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1993 թ. Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու կողմից: Երկար տարիներ այն համագործակցում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Արեւելյան եւ Եվրոպական եկեղեցիների հարաբերություններին, ժամանակակից Եվրոպայի ուղղափառությանը, Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների երկխոսությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համաժողովում կներկայացնեն Գերմանիայի թեմի Հեսսենի շրջանի հոգեւոր հովիվ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը եւ Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչ տիկ. Սոնա Եուպպերը: Հայոց Եկեղեցու ներկայացուցիչները հանդես կգան նաեւ զեկույցներով: