Պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Հայոց Հայրապետի և այց Վատիկանում ՀՀ դեսպանատուն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վատիկան այցի ընթացքում, մայիսի 7-ին, ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, հյուրընկալությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի տրվեց պաշտոնական ճաշկերույթ:
Ճաշկերույթին մասնակցում էին Հայ Եկեղեցու պատվիրակության անդամները, Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Կաթոլիկ կրթության պապական խորհրդի նախագահ Կարդինալ Զենոն Գրոխոլևսկին, Իրավական տեքստերի պապական խորհրդի նախագահ Կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմիերոն, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված դեսպաններ:
Ճաշկերույթը սկսվեց Վեհափառ Հայրապետի աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Իր խոսքում տիար Միքայել Մինասյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետի այցի կարևորությանը` նշելով. «Քրիստոնյաների` մասնավորապես, Միջին Արևելքում գտնվողների համար այս ծանր պահին, նման միջեկեղեցական բարեկամական դրսևորումները կարևոր ուղերձ են համայն աշխարհին: Հայ Եկեղեցին հայ համայնքի հետ մեկտեղ սփռված է ամբողջ աշխարհով, որի աշխարհագրությունն արտահայտված է այս երեկո ներկա դեսպանների միջոցով, որոնց և հայտնում եմ խորին հարգանքիս հավաստիքը»:
Ջերմ ընդունելության ավարտին հյուրերին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն արտահայտելով հանդիպման առիթով` Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին միջոցառումը նախաձեռնելու, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության և Վատիկանի, Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
Այնուհետև Նորին Սրբությունն անդրադարձավ պատմական տարբեր հանգամանքների և հատկապես 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի աշխարհասփյուռ դառնալու հանգամանքին` նշելով, որ աշխարհի տարբեր ծագերում գոյություն ունեցող հայ համայնքներն այսօր բարեկամության կամուրջ են երկրների ու ժողովուրդների միջև: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևոր է հայերիս արդար իրավունքների վերականգնման, այլև նախապայման է տարածաշրջանի մշտամնա խաղաղության և մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման համար: 100-ամյա տարելիցը հրավեր է ազգերին և պետություններին` դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը, ինչպես և` զորացնելու ընդհանուր ջանքերը` հանուն աշխարհում արդարության և խաղաղության հաստատման», - ընդգծեց Նորին Սրբությունը` ի դեմս ներկաների երախտագիտություն հայտնելով այն երկներին, միջազգային կառույցներին և քույր Եկեղեցիներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:
Խոսելով մարդկության կյանքը հուզող տարբեր խնդիրների և մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց դեսպաններին առավել զարգացնել և ամրապնդել միջպետական հարաբերությունները, ժողովուրդների միջև եղբայրական սերն ու գործակցությունը, ազգամիջյան համերաշխությունն ու բարի փոխհարաբերությունները:
Մայիսի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց դեսպանատան պաշտոնեությանը: